Կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր՝ 17 հազար հա ցանքատարածություն: Ստեղծված համայնքային հանձնաժողովներն այժմ ուսումնասիրություններ են իրականացնում՝ ճշտելու պատճառված վնասի չափը: Այս մասին, ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս են կրել խաղողի այգիները, որոշ չափով՝ պտղատու այգիները: Սերգո Կարապետյանը նշել է, որ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներին պատճառված վնասը հնարավոր է վերականգնել՝ իրականացնելով կրկնակի ցանքս: Այդ նպատակով գույքագրվել են հանրապետությունում եղած սերմնատեսակները, սածիլները, որոնք կտրամադրվեն գյուղացիներին, իսկ սերմնացուի մի մասը հնարավոր է ներկրվի արտերկրից: Գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաև պարարտանյութով և դիզվառելիքով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական և տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»:

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:

Հեղինակ:
«Փաստինֆո»