Lragir.am. Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է գազի գնի թանկացման դեմ պայքարի խումբ, որն արդեն ունի 700-ից ավելի անդամ: Խումբը պատրաստվում է մայիսի 16-ին բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ, հետո գնալ նախագահի նստավայր, հետո նստացույց անել Ազատության հրապարակում, նաեւ ակցիաներ հանրապետության այլ քաղաքներում, մարզերում:
Նախաձեռնությունը տպավորիչ է ու հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների վերջին շրջանի ակտիվության դրսեւորումներից մեկը: Սովորաբար, ըստ հայտարարված թիրախի, այդ նախաձեռնությունների հետեւում որոնվում են ինչ-ինչ քաղաքական ուժեր կամ գործիչներ: Նորաստեղծ նախաձեռնությունը դեռեւս զուրկ է այդօրինակ որոնումներից կամ գնահատականներից, բայց կասկած չկա, որ դրանք շատ շուտով կլինեն: Ամենայն հավանականությամբ, դրանց հետեւում կփնտրվեն ուժեր կամ անհատներ, որոնք փորձում են սոցիալական լարվածության գեներացիայով ճնշում բանեցնել ընտրական ցիկլերը բացարձակ հաղթանակով ավարտած իշխանության վրա եւ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը մարսի հաղթանակը: Եթե դա չի ստացվում անել քաղաքական ուժերի ճնշմամբ, որոնք ընտրական ցիկլի վերջում պայթեցին փուչիկի նման, ապա կարելի է փորձել քաղաքացիական խողովակներով, հատկապես որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում է լավ պայմաններ: Դա է տրամաբանությունը, որով այս կամ այն նախաձեռնության հետեւում փնտրվում է որեւէ քաղաքական ականջ:
Բայց, ինչպես ռուսներն են ասում՝ որոնք մատակարարում են գազը Հայաստանին, գայլերից եթե վախենաս, անտառ չպետք է գնաս:
Քաղաքացիական որեւէ նախաձեռնություն չպետք է մտահոգվի, թե ում կամ ինչ են փնտրում իր հետեւում: Պետք է դրվի նպատակը, հստակ ձեւակերպվի այն, բանաձեււի պայքարի մեթոդաբանությունն ու հիմքը, եւ առաջ:
Տվյալ պարագայում, նպատակն իհարկե կարեւոր է, քանի որ Հայաստանի համար գազի գնի անգամ ոչ թե 67, այլ 37 տոկոս թանկացումը կբերի սոցիալական մեծ աղետի, լրացուցիչ բեռ կլինի թե հասարակության, թե պետության վրա:
Հետեւաբար, իսկապես պետք է պայքարել թանկացման դեմ:
Բայց, քանի որ բանը հասել է քաղաքացիական ակտիվությանը, ապա պետք է երեւի թե խնդիրը դիտարկել առավել խորքային՝ նաեւ ավելորդ մեղադրանքներից կամ բանսարկություններից ապահովագրվելու եւ հանրության ուշադրությունը երեւույթի էության վրա կենտրոնացնելու համար:
Գազի գինը թանկացնում է Ռուսաստանը: Չթանկացնելու համար Ռուսաստանն անկասկած պահանջում է զիջումներ, որոնք էլ ավելի են կասկածի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը, հատկապես ներկայիս կարեւոր ժամանակահատվածում, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ Ռուսաստանից միակողմանի կախվածությունը չեզոքացնելու համար:
Հետեւաբար Հայաստանի իշխանությանն ուղղված պարզ պահանջը՝ չթանկացնել գազը, կրում է որոշակի մանիպուլյատիվ պոտենցիալ: Այսինքն, այդ պահանջը շատ հեշտությամբ շահարկելի է, նաեւ խաղարկելի:
Դրա համար, արժե թերեւս, որ այն հիմքային բնույթ կրի եւ ներառի գազի հետ կապված հարցերի լայն շրջանակ: Օրինակ, նախ ներկայացվի Հայաստանում գազի մոնոպոլիստ Հայռուսգազարդ ընկերության գործունեությունն ուսումնասիրելու հանրային պահանջ: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, կամ այլ տնտեսագետներ, բազմաթիվ անգամներ հանդես են եկել գազի գնագոյացման հարցում կոռուպցիոն մեծագույն ռիսկի եւ մանիպուլյացիաների մասին ահազանգով: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն այդ հարցը փորձել են բարձրացնել քաղաքական օրակարգում, ՀԱԿ-ը նույնիսկ հայց է ներկայացրել դատարան՝ երբ Բագրատյանը դեռ այնտեղ էր:
Սակայն, չի բավարարվել անգամ գազի գնագոյացումն ու ընդհանրապես ոլորտն ուսումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջը:
Մինչդեռ, Հայաստանը գազի գնի թանկացման դեմ պետք է մղի ինստիտուցիոնալ պայքար: Այսինքն, խնդիրը միայն գնաճի պարզ կանխումը չէ: Իհարկե, օպտիմալացելով համակարգը, որը Հայաստանում թերեւս ամենակոռումպացվածներից մեկն է, հնարավոր է մեղմել անգամ Ռուսաստանի բարձրացրած գնի հայաստանյան անդրադարձը:
Սակայն, ընդհանուր առմամբ, հեռանկարային կտրվածքով, դժվար է կասեցնել գազային մահակի գործունեությունն այլ կերպ, քան Հայաստանում համակարգային կոնկրետ բարեփոխումներով: Ըստ ամենայնի, հանրային պահանջը կարող է պետական ու հասարակական շահի տեսանկյունից արդյունավետ լինել հարցադրումներն այդ շրջանակով անելու դեպքում՝ տնտեսության ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն պետության իմունային համակարգը եւ կապահովեն գնողունակությունը թանկացումների հանդեպ, որոնք ժամանակակից տնտեսական համակարգերում այդուհանդերձ անխուսափելի երեւույթ են:
Խորքային առումով, սոցիալական քաղաքականությունը պետք է կառուցել ոչ թե գնաճը զսպելու, այլ բնակչության աշխատանքի հնարավորությունն ու եկամտի աճը ապահովելու միջոցով: Իսկ դա նշանակում է գործող տնտեսական համակարգի արմատական վերանայում, բիզնեսի ու իշխանության բաժանում, մրցակցային միջավայրի ապահովում ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե կուսակցա-կլանային, այլ պետական եւ հասարակական նպատակահարմարությունից եւ առաջնահերթությունից ելնելով:
Պահանջները երեւի թե պետք է ուղղել այդ ուղղությամբ, այլապես գազի գնի ուղտը պարբերաբար չոքելու է Հայաստանի հասարակության եւ պետության դռանը, եւ ամեն անգամ ավելի ու ավելի դժվար է լինելու կեր գտնել դրա համար:

Հակոբ Բադալյան