Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի ղեկավար Ելենա Միզուլինան մտադիր է խորհրդակցություն անցկացնել Արտաքին գործերի և Կրթության նախարարությունների հետ՝ հասկանալու համար Ռուսաստանի արձագանքը Ֆրանսիայում միասեռական ամուսնությունների օրինականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Russia Today-ին:
Պատգամավորի խոսքով, Ռուսաստանին հետաքրքրում է այսպիսի ընտանիքների կողմից ռուս որբերի որդեգրման հարցը: Այս պահին դա անհնար է, քանի որ Ֆրանսիան դեռևս չի վավերացրել որդեգրման մասին համաձայնագիրը:
Միաժամանակ Միզուլինան չի բացառում, որ երեխա կարող է որդեգրել միայնակ ֆրանսիացին, ով ամուսնացած չէ, բայց պատրաստվում է ստեղծել միասեռական ընտանիք:
Պետդումայի պատգամավորը չի բացառում նաև որդեգրման մասին Ֆրանսիայի հետ գործող համաձայնագրի դադարեցումը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ էր արտահայտվել արտասահմանյան միասեռական ընտանիքների կողմից ռուս երեխաների որդեգրման արգելքին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ստորագրել է միասեռական ամուսնությունները թույլատրող օրենքը, ինչը նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումներից մեկն էր:
Նախագահի քայլը բացասաբար է ընդունվել ֆրանսիացիների մեծամասնության կողմից և հանգեցրել է բազմաթիվ բողոքի ցույցերի միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ: