Նովոստի–Արմենիա. Կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն (David Valadao), Ադամ Շիֆը (Adam Schiff), Մայքլ Գրիմը (Michael Grimm) և հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնե Կրտսերը (Frank Pallone, Jr.) նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձևը, հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան (Armenian Assembly of America)։

Հաղորդագրության համաձայն, 227 նոր բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին «աշխատել հայ–թուրքական կառուցողական, կայուն և ամուր հարաբերությունների ձևավորման ուղղությամբ' հիմնվելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետևանքների և փաստերի ամբողջական ճանաչման ու մարդկության դեմ այդ հանցագործության արդար և համակողմանի միջազգային դատապարտման վրա»։

Ներկայացուցիչների պալատում ներկայացված 227–րդ բանաձևը փոխանցվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ Էդ Ռոյսը (Ed Royce) և Էլիոթ Էնջելը (Eliot Engel) զբաղեցնում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահի և մեծամասնության ներկայացուցչի պաշտոնները։

Նորընտիր կոնգրեսական Դևիդ Վալադաոն ներկայացնում է Կալիֆոռնիայի 21–րդ օկրուգը' Սենչրըլ Վելին, և մտնում է Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի կազմի մեջ։ Այս տարի ապրիլի 24–ին Վալադաոն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառման ժամանակ կարևորել է Հայոց ցեղասպանության փաստի հաստատումը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։