Թերթի ուշադրության կենտրոնում է Կարեն և Կառլեն եղբայրների' ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից փախստականի կարգավիճակի դադարեցման խնդիրը:

Եղբայրները փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան, որը մերժվել էր: Նրանք մերժված դատական ակտը բողոքարկել են վարչական վերաքննիչ դատարան:

«Չնայած այն փաստարկներին, որ բողոքում ներկայացրել էր փաստաբան Աշխեն Եսայանը, և չնայած այն փաստական հանգամանքին, որ Կարենն ու Կառլենը բռնագաղթվել են Ադրբեջանի Հանրապետությունից, հաշվառվել են որպես փախստականներ և ունեցել են փախստականի վկայական, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, այդուամենայնիվ, վարչական վերաքննիչ դատարանում տղաների բողոքը մերժվեց ամբողջությամբ և վարչական դատարանի կողմից մերժված ակտը թողնվեց օրինական ուժի մեջ»,- գրում է թերթը:

Միաժամանակ թերթը նշում է, որ ՄՊԾ-ն, դադարեցնելով եղբայրների փախստականի կարգավիճակը, որոշման պատճառաբանական մասում նշել էր, թե նրանք ծնվել են Հայաստանում և չեն համարվում բռնագաղթված անձինք:

Կարենն ու Կառլենը վստահ չեն' կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան, թե' ոչ: