Այսօր՝ մայիսի 27-ին, հիվանդանոցում մահացավ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Սևանի hիվանդանոց տեղափոխված Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ Յուրի Լուկինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, մայիսի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 76 RԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 70.5 կմ հատվածում՝ Ախթամար հուշարձանի մոտ, դեպի Իջևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, և գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վահան Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ նույն փողոցի բնակիչներ Յուրի Լուկինը և 29-ամյա Ալեքսանդր Սուդրովիչինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի hիվանդանոց:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, իսկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները հրամանատար Սարիբեկ Բաղդասարյանի գլխավորութամբ ավտոմեքենայից դուրս էին բերել մահացածի դին:

Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանը, ով փաստի առթիվ արդեն հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: