«Սեւան» ազգային պարկի աշխատանքում պարբերաբար ի հայտ եկող խախտումներն ու թերացումներն արդեն սովորական երեւույթ են:

Այս ոլորտում հերթական սխալների ուղղմանն է այսօր ձեռնամուխ եղել նաեւ ՀՀ կառավարությունը:

Պետական եկամուտների կոմիտեն Ազգային պարկում հայտնաբերել է 46 195 000 դրամի խախտում: Խախտումները կատարվել են անցյալ տարի Սեւանա լճի ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների ընթացքում:

Պարզվել է, որ ԱՊ-ը պետական բյուջե չի վճարել 15,1 մլն եկամտահարկ, 14,1 մլն ավելացված արժեքի հարկ և 4,7մլն-ի սոցիալական վճարումներ:

Այս հարկային պարտավորությունները չկատարելու' կառավարության ներկայացրած պարզաբանումները, մեղմ ասած, տարօրինակ են:

Այսպես, դեռեւս 2010թ-ից անտառային տարածքների մաքրման աշխատանքների համար կազմվել է օրինակելի պայմանագրի ձեւ, որը ստորագրվում է Ազգային պարկի եւ աշխատանքների իրականացման պատվերը ստացած ընկերության միջեւ:

Եվ ահա, պարզվում է, որ այս պայմանագրի 3.4.6-րդ կետում սահմանված է եղել, որ կապալառուն պարտավոր է ապահովել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների մուտքերը իր միջոցների հաշվին: «Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ ֆիզիկական անձանց եկամուտները վճարելիս հարկը պահում է հարկային գործակալը, ծառայությունների մատուցման դիմաց ավելացված արժեքի հարկ վճարող է համարվում ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ սոցիալական վճարումները կատարում է գործատուն: Տվյալ պարագայում հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների մուտքերը պետք է ապահովեր պատվիրատուն, այիսինք՝ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը »,- մեկնաբանում է կառավարությունը:

Փաստորեն, ստացվում է, որ ազգային պարկը փորձել է սեփական պարտավորությունները թողնել մեկ ուրիշի վրա: Սակայն, ինչ-ինչ հանգամանքներում խախտումը բացահայտվել է եւ հիմա ազգային պարկն ու կառավարությունը ստիպված են լրացուցիչ ծախս կատարել սեփական սխալներն ուղղելու համար:

Եվ քանի որ Ազգային պարկի ջրածածկ տարածքների 2012 թվականի անտառմաքրման աշխատանքների համար պետական բյուջեյով վերոհիշյալ 46 195 000 դրամը նախատեսված չի էլ եղել, հիմա կառավարությունն ստիպված է նշված գումարը տրամադրել պահուստային ֆոնդի միջոցներից:

Իսկ թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, կամ ինչ կլիներ եթե կապալառուն կատարեր սխալմամբ իրեն պայմանագրով վերապահված պարտավորությունները, սա արդեն երկրորդական խնդիր է:

Հեղինակ:
Նելլի Դանիելյան