Hraparak.am. Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում:
Մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ: Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, եւ նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը: Ապարանում նրանից հետաքրքրվեցինք իր պաշտոնանկության մասին: «Ես չգիտեմ՝ իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»,- ասաց մարզպետը: Իսկ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում եւ, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞: Սահակյանը, պարզվեց, տեղյակ չէ այս ամենից: «Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»: