Թուրքական ֆոնդային բորսան տեղի է տալիս երկրում ընդլայնվող անկայուն իրավիճակի առջև

«Borsa Istanbul 100» թուրքական հիմնական ֆոնդային ինդեքսը երկուշաբթի օրը սակարկման առաջին մի քանի ժամվա ընթացքում արձանագրել է ավելի քան 6 տոկոս անկում:
Ներդրողները վաճառում են թուրքական ակտիվները զգուշանալով այն բանից, որ հակակառավարական ցույցերը հավանաբար բացասական ազդեցություն կթողնեն երկրի տնտեսության վրա՝ հղում անելով «Lenta.ru»-ին հաղորդում է «rosbalt.ru»-ն:
Ինչպես նշում է «The Financial Times» թերթը, ներդրողները նաև վաճառում են թուրքական լիրան, որի արժեքը միջազգային հիմնական արժույթների զամբյուղի համեմատությամբ նվազել է 1 տոկոսով: Թուրքական պետական արժեթղթերի եկամտաբերությունը բարձրացել է 20 բազիսային կետով (0,2%):
Հիշեցնենք, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը թուրքական քաղաքներում շարունակվել են հակակառավարական բողոքի ցույցերը: Իզմիրում ընդդիմադիրները դյուրավառ հեղուկի շշեր են նետել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի վրա: Ստամբուլում դեպի երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայր տանող ճանապարհները փակվել են:
Ցուցարարները փորձ են արել մոտենալ այդ կառավարական շենքին, սակայն ոստիկանությանը հաջողվել է արտասվաբեր գազի կիրառմամբ ետ մղել քաղաքացիները գրոհը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում էլ բողոքի ցույցի մասնակիցներին զսպելու նպատակով ոստիկանները գրոհ են կազմակերպել առևտրի կենտրոնի վրա, որտեղ ըստ նրանց գտնվելիս են եղել ընդդիմադիրները: Այդ գրոհի արդյունքում ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ: