Ժնևում հրապարակվել է ՄԱԿ-ի հանձնաժողովի նոր զեկույցը, որում նշվում է, որ Սիրիայում 4 անգամ քիմիական զենք է կիրառվել, սակայն անհայտ է, թե ում կողմից: Սակայն ՄԱԿ-ի հանձնաժողովի առանցքային անդամ Կարլա դել Պոնտեն խոստովանել է, որ այն օգտագործում են գրոհայինները, սակայն կազմակերպությունը չի ցանկանում դրա մասին խոսել, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Вести.ru-ին:

Սիրիայում կատարված հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն հաստատել է, որ թունավոր գազը խաղաղ բնակիչների դեմ կիրառել են գրոհայինները, սակայն զեկույցում այդ մասին չի խոսվում: Իսկ կադրից դուրս նա խոստովանել է, որ իր վրա մեծ ճնշում է գործադրվում:

«Ինձ ստիպել է լրագրողը: Ես նրան ասել եմ, որ քիմիական զենք կիրառելու պատասխանատվությունն ընկնում է տարօրինակ տարրերի վրա, որոնք կապեր ունեն ապստամբների հետ, ինչն առաջացրել է ռումբի տպավորություն»,-պատմել է Կառլա դել Պոնտեն:

Դամասկոսի միակողմանի քննադատություններին զուգահեռ ընդդիմության հասցեին հնչում են ավելի մեղմ որակումներ: Դեպքը, երբ ընդդիմադիրը մասնատում է զինվորի դին և ուտում է նրա սիրտը, չի հայտնվել զեկույցում: «Դա արտակարգ դաժանության դրսևորում է: Այո, ես տեսել եմ կադրերը: Նման բաները պարզապես չեն տեղավորվում գլխում: Այդպիսի բան ես չեմ տեսել նույնիսկ Բալկանյան համակարտության ժամանակ»,-խոստովանել է նա:

Դրան զուգահեռ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ֆրանսիական իշխանություններն ունեն ապացույցներ, որ սիրիական հակամարտության ժամանակ բազմիցս օգտագործվել է զարին գազը:

Նախարարը այս հայտարարությունը արել է հիմնվելով ֆրանսիական լաբորատորիայից ստացված արդյունքների վրա: Սակայն նա չի նշել, թե կողմերից որն է օգտագործել այն: