Lragir.am. Երեկ Սերժ Սարգսյանին պաշտոնապես փոխանցվել է Եվրամիության Արեւելյան գործընկերության վեհաժողովին մասնակցելու հրավերը: Վեհաժողովը տեղի է ունենալու նոյեմբերին Վիլնյուսում եւ կարող է շրջադարձային լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ հետխորհրդային երկրների համար:
Վեհաժողովի ժամանակ պետք է նախաստորագրվի կամ նույնիսկ ստորագրվի Եվրամիության հետ Հայաստանի Ասոցիացիայի եւ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը: Ներկայում ինտենսիվ բանակցություններ են ընթանում ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ: Ադրբեջանն ու Բելառուսը դուրս են մնացել այս գործընթացից:
Հայաստանում ծուլորեն սկսել են քննարկումներ Եվրամիության եւ Ռուսաստանի առաջարկած Մաքսային միության միջեւ ընտրության վերաբերյալ: Քննարկումներն ակտիվ չեն, քանի որ եվրոպական ինտեգրումն առաջ է տանում իշխող կուսակցությունը, եւ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները կամ պետք է բացահայտ հայտարարեն հակաեվրոպական կուրսի մասին, ինչը չի ընկալվի հասարակության կողմից, կամ չխանգարեն Հայաստանի ընթացքը դեպի ԵՄ: Երեւում է, երկրորդ ճանապարհն է ընտրվել, եւ ներկայում Հայաստանի եվրոպական ճանապարհը վիճարկում են միայն ռուսամետ կուրսի համոզված կողմնակիցները:
Երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը փաստացի վերջակետ է դրել այդ բանավեճին, գոհունակություն հայտնելով, որ Հայաստանն ընտրել է ԱՄՆ եւ Եվրոպայի հետ գործընկերությունը: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանը հակված է աշխատել արեւմտյան գործընկերների հետ, այնպիսիք, ինչպիսիք են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն», ասել է դեսպանը:
Վերջին 5 տարիներին Հայաստանը փաստացի կտրուկ շրջել է իր արտաքին կողմնորոշումը: Եվ դա նրան հաջողվել է այն պատճառով, որ գաղափարն անսպասելիորեն ընդունելի էր մեծամասնության համար: Ընդ որում, Հայաստանում հարաբերությունները Ռուսաստանի հետ չփչացնելու ցանկությամբ հանդերձ, եվրոպական ճանապարհը թվում է առավել ունիվերսալ, ինչպես տնտեսության ու արժեհամակարգի, այնպես էլ ազգային խնդիրների տեսակետից:
5 տարի առաջ Հայաստանն իրեն չէր պատկերացնում առանց հետխորհրդային տնտեսության, արժեքների հետ կապի եւ Ռուսաստանին համարում էր ղարաբաղյան խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների արդար կարգավորման միակ երաշխավոր: Սակայն այս կարծրատիպերը կոտրվել են, եւ փառք Աստծո, որ դրանց տեղում չեն հայտնվել Արեւմուտքի փրկիչ դերի մասին կարծրատիպեր: Հայաստանի քաղաքականությունը պարզապես դառնում է առավել ռացիոնալ:
Անշուշտ, մինչեւ նոյեմբեր Հայաստանին հարկ է լինելու հետ մղել հարձակումները՝ ռուսական կողմնորոշման առավելությունների եւ եվրոպական բացասականի ապացույցների: Սակայն, եթե տեղի չունենան էքսցեսներ, նոյեմբերին ԵՄ հետ համաձայնագիրը կստորագրվի:
Նման էքսցեսներ տեսականորեն կարող են նախաձեռնել ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք դուրս են մնացել եվրաինտեգրման գործընթացից: Նրանք հասկանում են, որ դառնալով եվրոպական համակարգի մաս, Հայաստանը ստանում է անվտանգության նոր շրջանակ: Սակայն, ըստ ամենայնի, Թուրքիան եւ Ադրբեջանը կհամակերպվեն դրան, ինչպես կարծես թե համակերպվել է Ռուսաստանը:
Նաիրա Հայրումյան