«Ընդհանրապես, քանի դեռ իշխանությունները ամբողջ հանրապետությունում չեն ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացիները, անկախ ընտանեկան կամ կլանային պատկանելությունից, հարցերը լուծում են բացառապես օրենքի ուժով՝ մի կողմ դնելով քսակի հաստությունն ու վզի տրամագիծը՝ Սյունիքում իրավիճակը չի փոխվի, եթե անգամ այնտեղ մարզպետ նշանակվի Հռոմի պապը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանը:

Բաբաջանյանն ընդգծել է, որ այս իրադարձություններում մեղադրել Սուրիկ Խաչատրյանին կամ նրա հակառակորդ ընտանիքին՝ նշանակում է շեղվել հարցի բուն էությունից, որովհետև, ինչպես նշել է մեր զրուցակիցը, խնդիրը համակարգային է, և այդ լոկալ բախումները արտացոլում են երկրում արմատավորվող հարցերի լուծման «սերիալային» գործելաոճը:

Հարցին, թե՝ եթե փոխմարզպետ Արա Դոլունցը նշանակվի մարզպետ, ինչ-որ բան կփոխվի՞ Սյունիքի մարզում, Բաբաջանյանն ասաց.

«Սուրեն Խաչատրյանի ազդեցությունը լուրջ կորուստներ, հավանաբար, չի կրի, որովհետև Դոլունցը նրա կադրերից է, որն, անշուշտ, շարունակելու է լոյալ վերաբերմունք դրսևորել իր նախորդի նկատմամբ: Եթե հաշվի առնենք նաև այն ահռելի տնտեսական ներգրավվածությունը, որ Սյունիքի մարզում ունի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, և այն սերտ «արյունակցական» կապվածությունը, որ ունի իշխանությունների հետ, ապա նա Սյունիքում կշարունակի լինել խիստ ազդեցիկ»:

Անդրադառնալով Գորիսի դեպքերի' մեր իրականության մեջ փոփոխություններ մտցնելուն' Վարուժան Բաբաջանյանը ասել է, որ կադրային քաղաքականությունը կարևոր է, սակայն նշել է, որ վատ գործող համակարգը ի զորու է փչացնել ամենադրական կենսագրություն ու նկարագիր ունեցող անձին անգամ, իսկ կենսունակ և առողջ համակարգը, ընդհակառակը, կարող է իր ռելսերի մեջ դնել ամենաբացասական նկարագիր ունեցող գործիչներին:

«Պարզապես անգամ քաղաքական կյանքը Հայաստանում դարձել է սերիալային, ամեն օր հեռուստաընկերությամբ քարոզվող ներանձնական և ներկլանային մաֆիոզ հարաբերությունները ախտահարել են երկրի կյանքի բոլոր ոլորտները, ուստի պետությունը նախ և առաջ պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ երկրում մթնոլորտը բարեփոխելու, բոլորին օրենքի դաշտ բերելու ուղղությամբ, որից հետո պետությունը պետք է կիրառի ֆիլտրեր, որոնք մինիմումի կհասցնեն քրեական գործելաոճ ունեցող անձանց նշանակումը բարձրագույն պաշտոններում: Ինչ վերաբերում է սթափվելուն՝ մենք ունեցանք Գյումրիի դեպքերը, այժմ էլ՝ Սյունիքի դեպքերը, սակայն նմանատիպ իրավիճակներ առկա են ոչ միայն վերոհիշյալ տարածքներում, պարզապես համեմատաբար փոքր և խուլ տարածքներում կատարվող նման բախումները մեծ արձագանքի չեն արժանանում՝ գործող անձանց սակավ հայտնի լինելու պատճառով: Այսինքն, սթափվելը պետք է լինի կոնկրետ գործողությունների և հանրային կյանքի կառավարման նոր գործիքների ներդրման տեսքով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Վարուժան Բաբաջանյանը:

Տաթև Ֆռանգյան