Lragir.am. Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանի հետ զրուցել ենք Կիպրոսի օֆշորային գոտում հաշիվ բացելու հետ կապված խնդիրների, ինչպես նաև Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի մասին
Տիկին Գույումճյան, վերջերս բացահայտվեց, որ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը: Առհասարակ ինչպե՞ս կարելի է օֆշորում հաշվի բացել:
Այստեղ՝ Կիպրոսում, հաշիվ բացելը ներկայում շատ է դժվարացել անգամ կիպրոսցիների համար: Թե հաշվեհամարից դրամ հանելն է դժվարացել մեզ՝ կիպրոսցիներիս համար, և թե նոր հաշիվ բացելը: Վիճակն ահավոր վատ է:
Վարչապետի և արքեպիսկոպոս Կճոյանի՝ օֆշորում բաժնետերեր լինելու մասին կարդացի ու բան չհասկացա՝ արդյոք իրապես գումարներ ունեն Կիպրոսում, թե՞ ոչ: Չեմ իմանում, բայց չեմ էլ զարմանա: Հիմա դժբախտաբար նույնիսկ եկեղեցին և հոգևորականները շատ ավելի դրամի հետևն են, քան հոգևոր արժեքների: Եթե նման գումարներ կան, խիստ խորհրդապահական են պահվում, հետևաբար քաղաքացին չի կարող իմանալ այդ մասին: Բոլոր իշխանավորներից կարելի է նման բան սպասել, քանզի նրանց համար նյութական արժեքներն են գերակա, քան այլ արժեքներ, ինչպես օրինակ ազգային-բարոյական-մշակութային արժեքները:
Արդյոք հնարավոր է Կիպրոսի օֆշորում գումար բացել ուրիշ անձանց փոխարեն, որքանո՞վ է սա տրամաբանական:
Հայաստանի Հանրապետությունից ներս այնքան մեծ է անջրպետը պարզ քաղաքացու և իշխանության միջև... Առաջինն ապրում է իր ապրուստով մտահոգ մի կյանք, իսկ մյուսները կարծեք հետամուտ են կեղեքելու ժողովրդին ու հայրենիքը հանուն իրենց շահերի և գերշահույթների ապահովման: Ես այս կարծիքին եմ, քանի որ հետևում եմ լրատվամիջոցների տեղեկատվությանը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր է Կիպրոսի մեջ նման առևտրական գործառնություններ իրականացնել, իրականում օրենքով պետք է արգելված լինեն նման բաները, բայց հիմա շատերն են գտնում ձևեր՝ օրենքը շրջանցելու համար:
Փաստացի վարչապետի անվան տակ ինչ-որ մեկն այդքան մեծ գումարներով ընկերություն չէ՞ր կարող գրանցել:
Հենց նոր մի տնտեսագետի հետ էի խոսում, որն ասում է, թե նման բան անհնար է որ լինի: Հետևաբար, սա կամ թյուրիմացություն է, կամ էլ բացահայտ սուտ:
Ընկերություն գրանցելը որքա՞ն ժամանակ է պահանջում, արդյոք դա երկարատեւ գործընթաց է:
Որքան գիտեմ, ընկերություն գրանցելը երկար գործընթաց է՝ օրինական բարդ գործողություններով: Տարիներ առաջ ես այդ փորձառությունն ունեցա, և գիտեմ, որ դյուրին և արագ կատարվող գործողություն չէ: Ընկերություն գրանցելը ենթադրում է օրինական երկար գործընթաց՝ փաստաբանների մասնակցությամբ: Բացի այդ, հիմա նման առևտրական գործառնություններն ավելի են խստացած օրինականորեն:
Կիպրոսում ճգնաժամը ո՞ր փուլում է, արդյոք դրական տեղաշարժեր նկատվում են:
Կարծում եմ՝ ճգնաժամն ավելի ու ավելի պիտի խորանա, և ճգնաժամի անդրադարձը Կիպրոսի ժողովրդի կյանքի վրա իրեն ավելի նկատել կտա: Ամեն անգամ, որ Եվրոպայի կետրոնական բանկի պատկան քննիչ մարմինը՝ Տրոյկան, Կիպրոս է այցելում ֆինանսական վիճակը վերահսկելու համար, ավելի խիստ միջոցներ է կիրառում: Շուտով, եթե չեմ սխալվում՝ հուլիս ամսին, այդ մարմինը պիտի գա քննելու Կիպրոսի կացությունը: Դեռ չենք իմանում՝ ինչ անակնկալների առջև պիտի հայտնվենք՝ նոր հարկեր, թանկացումներ... Կանխատեսումներ կան, որ 2014-ին շատ ավելի վատ պիտի լինի ճգնաժամի հետ կապված: Օր-օրի գործազուրկների թիվն ավելանում է, աշխատավարձերը՝ նվազում, վաճառատներ են փակվում: Ոչ ոք երբևէ չէր կարող պատկերացնել, որ Կիպրոսը կարող էր այս վիճակի մեջ հայտնվել:
Կիպրոսին որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ վերականգնել իր նախկին վիճակը:
Շատ երկար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ Կիպրոսը կարող է ոտքի կանգնել: Անշուշտ, կան իր ընդերքին մեջ հայտնաբերված գազի պաշարներ, որոնք ճիշտ շահագործելու պարագայում կարող են դրական գործոն լինել ճգնաժամի հաղթահարման համար: Բայց այդ պաշարների վրա «աչք տնկողներ» վստահաբար շատ կան: Ժամանակը ցույց կտա, թե երկիրը ինչ ուղղությամբ պիտի զարգանա... Պետք է կարևորությամբ ընդգծել նաև իր ժողովրդի կամքը՝ հարատևելու, մաքառելու, տքնելու, որպեսզի երկիրը դուրս գա այս վիճակից:
Արդյոք Կիպրոսի իշխանություններն անո՞ւմ են բավարար քայլեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:
Որքան որ ես եմ տեսնում, մինչև հիմա մեկը մյուսին է ամբաստանում տիրող իրավիճակին համար: Օրինակ՝ ներկա կառավարությունը պատասխանատվությունն ուզում է գցել նախորդ կառավարության վրա և այսպես շարունակ: Դեռ ես չեմ նկատում, որ Կիպրոսի իշխանություններն էական քայլեր են անում երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Իմ կարծիքով, կառավարման ճգնաժամ է, խոսքս հմուտ, արհեստավարժ, իսկապես ժողովրդավար կառավարման մասին է:
Կարծես մեծ անհատականությունների, ազգային-մարդկային բարձր տեսլականով օժտված կառավարիչների ժամանակները վաղուց անցել են: Ներկա քաղաքակրթությունը կարծես սպառել է ինքնիրեն, և կա բարոյական-հոգևոր նոր արժեհամակարգի պահանջ, որը կգա փոխարինելու ներկա «արժեքների» համակարգին, որ ամբողջովին հիմնված է շահամոլության, ընչաքաղցության և երեսպաշտության վրա:
Սիրանույշ Պապյան