Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով մահացել է շուրջ 6.5 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն' հղում կատարելով «Ալ Ջազիրային»:

Ջրհեղեղի պատճառը հյուսիսային նահանգներում տեղի ունեցած երկարատեւ անձրեւներն են: Տարածքների ողողման հետեւանքով շուրջ 34 հազար մարդ տարհանվել է, սակայն մոտ 50 հազարն առ այսօր շարունակում է մնալ տուժած տարածքներում, եւ իշխանությունները մտավախություն ունեն, որ մահացածների թիվը կարող է աճել:

Որոնողական աշխատանքներին, բացի փրկարարներից ներգրավվել են նաեւ զինված ուժերի հազարավոր զինծառայողներ ու ռազմական ուղղաթիռներ: Զինվորականները, ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան» ձեռքով վերականգնում են ջրհեղեղի հետեւանքով վնասված կամուրջները, որոնցով ջրածածկված տարածքներից բնակչությունը տեղափոխվում է ավելի անվտանգ տարածք:

Reuters-ի տեղեկացմամբ, երկրի կառավարությունն արդեն հայտարարել է մահացածների եւ տուժածների ընտանիքների համար նախատեսված փոխհատուցման մասին:

Մահացածների հարազատները կստանան 200 հազար ռուփի, որը համարժեք է 3.400 ԱՄՆ դոլարին, իսկ տուժածները' 50 հազար ռուփի (840 դոլար)

Անձրեւների շրջանը Հնդկաստանում տեւում է հունիսից-սեպտեմբեր' պարբերաբար առաջացնելով ջրհեղեղներ եւ խլելով հարյուրավոր մարդկային կյանքեր: