Lragir.am-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը
Հովհաննես, վարչապետի շուրջ օֆշորային սկանդալը, վերահսկիչ պալատի կատարած բացահայտումները, դրանց հաջորդող զարգացումները իշխանության ճեղքվածքի մասի՞ն են վկայում:
Օֆշորային սկանդալի մասին խոսելը շատ բարդ է: Երկու տարբերակ կա. կամ ուզում են փոխել վարչապետին, կամ նա իսկապես ներքաշված է այս պատմության մեջ: Ես հակված եմ հավատալ երկրորդ տարբերակին, որ նրանք օֆշորային գոտում տարիներ շարունակ հաշիվներ են բացել և հետամուտ լինող չի եղել, մտածել են՝ հերթական անգամ կանցնի, կգնա: Կարծում եմ՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենամեծ սկանդալներից մեկն է: Նորմալ երկրում շատ արագ պետք է պարզեին, անգամ եթե «գլխին սարքել» են, պետք է բոլոր մասնակիցները հրաժարվեին իրենց աթոռներից և հետամուտ լինեին գործի բացահայտմանը, հիմքեր տրամադրեին, որ շինծու գործ է: Այս ամենը չկա, փոխարենը կա ոմն Աշոտ Սուքիասյանի նամակը, որի բովանդակությունը ծիծաղ է առաջացնում, նա ասում է, որ ինքն իբր առանց նրանց տեղյակ պահելու օֆշորում գրանցել է կազմակերպություն: Նույն հաջողությամբ օֆշորում կարող ես հաշիվ բացել Օբամայի և Պուտինի անուններով, եթե ձեռքներն ընկնի նրանց անձնագրի պատճենները, բայց այս ամենը ծիծաղելի է և փրփուրներից կախվելու պատմություն է հիշեցնում: Ինձ թվում է, որ այս խմորը ընկել է ներիշխանական կուլիսների «բազարների» հիմքում: Եվ պատահական չէ Վերահսկիչ պալատի հաշվետության գնահատականը, որին հաջորդեց վարչապետի պատասխանը: Ենթադրում եմ, որ աշնանը հնարավոր են լուրջ փոփոխություններ ներիշխանական համակարգում, կլինեն վերադասավորումներ՝ նախապատրաստվելով արդեն 2017-2018 թթ. ընտրություններին:
Բայց մինչև 2018-ը, երկրից առկա է մեծ արտագաղթ: Հասարակության 80 տոկոսի մոտ նստած է այն մտայնությունը, թե ինչպես պահեն իրենց ընտանիքը: Մենք մեր նեղ ինտելեկտուալ զանգվածով անընդհատ մտածում, քննարկում ենք, իրար հետ փոխանակում հետաքրքիր մտքեր, մենք այլ բաների մասին ենք մտածում, բայց պետք է ընդունել, որ ազատություն, ժողովրդավարություն և նմանատիպ արժեքները հիմնականում խորթ են մեծամասնության համար: Այսինքն՝ իրենք ընկալում են ամեն ինչ սոցիալական «պրիզմայի» միջոցով: Բայց այն, որ իրավիճակ է փոխվել, միանշանակ է: Եթե հիշում եք, նախկինում էլ թերթերը գրում էին շատ հոդվածներ, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, անտեսում էին, ականջի հետև գցում, բայց այսօր տեսնում ենք, որ իշխանությունն ամեն մի հոդվածի նկատմամբ շատ զգայուն է դարձել, ամեն մի տողի անպայման արձագանքում է, պատասխանում: Ի վերջո, վարչապետն էլ ասաց՝ հաշվետու եղեք ամեն մեկդ, և եթե հաշվետու լինելու գիտակցումը սկսի արմատանալ, շատ լավ կլինի: Իհարկե այստեղ իր բաժինն ունի ընդդիմությունը, բայց կարծում եմ՝ իշխանության ներսի գզվռտոցն էլ ունի իր մեծ բաժինը, քանի որ 2018-ին իշխանության ժառանգորդի խնդիր պետք է լուծվի, և արդեն սկսվել է գզվռտոցը:
Այսինքն՝ սրանք 2018-ի նախապատրաստական աշխատանքնե՞րն են:
Հիմա մենք ականատեսն ենք լինում իշխանության մեջ տեղի ունեցող փոփոխություններին և դեռ երկար ժամանակ ենք ականատես լինելու: Իսկ իշխանության մեջ Սերժ Սարգսյանը եթե ուզի, գզվռտոց չի լինի, որովհետև մեկ մարդու կամքից է կախված ամբողջ երկրի զարգացումը: Եվ պատահական չէ, որ միակ ընտրությունները, որին ժողովուրդը լուրջ է վերաբերվում, նախագահական ընտրություններն են, մնացածին անլուրջ է վերաբերվում: Եվ եթե այդ մեկ մարդը ցանկություն ունենա, չի թողնի գզվռտոց լինի, բայց միգուցե իրեն էլ է հետաքրքիր, թե բնական ճանապարհով ո՞վ կկարողանա ավելի հաստատվել: Բայց կգա մի պահ, երբ իշխանությունը ճեղքված կտա, և հանկարծակի ընդդիմության՝ իշխանության գալու հնարավորություն կլինի, նա ոտքը կխփի գետնին և հենց այդտեղ ամեն ինչ կդադարի:
Հիմա ճեղքված չի՞ տալիս իշխանությունը, եթե հաշվի առնենք Սյունիքի մարզպետի հրաժարականը, դրա հաջորդող զարգացումները:
Նման մարդիկ եղանակ չեն փոխում, մեկ օրում նրանց աշխատանքից հանում են, նրանց տեղը դնում մեկ ուրիշին, և հարցը փակվում-գնում է: Ավելին, իշխանությունը հավաքում է դիվիդենտներ, ասում է՝ տեսեք, փոխեցինք Սյունիքի մարզպետին, բայց չի ասում, թե ինչ գնով, չնայած որ մինչև այդ բոլորը պահում-պաշտպանում էին Սյունիքի մարզպետին, և մինչև մարդ չմահացավ, չգնացին այդ քայլին: Նույնը տեղի ունեցավ Ռուբեն Հայրապետյանի դեպքում: Գալիս ենք այն գաղափարին, որ մարդը սկսում է մտածել՝ մինչև զոհ չլինի, փոփոխություն չի լինի, մարտի մեկին մինչև տասը զոհ չեղավ, ինչ-ինչ փոփոխություններ հնարավոր չեղավ իրականացնել: Եվ պատահական չէ, որ վերջին նախագահական ընտրություններում երկու ընդդիմադիր թեկնածուները զոհաբերվելու գաղափարն էին օգտագործում՝ չնայած մինչև վերջ չհասցրին: Զոհաբերվելու գաղափարը շատ արմատական գաղափար է, սակայն նախագահական ընտրություններից հետո այդ գաղափարն էլ արժեզրկվեց, ինչպես շատ գաղափարներ, և եթե հիմա նախագահական ընտրություններին որևէ մեկը գա և ասի՝ ժողովուրդ ջան, ձեզ համար գնալու եմ մեռնեմ, ժողովուրդը չի հավատալու, ասելու է՝ այն երկու հոգին մեռա՞ն, որ դու մեռնես: Ինքնազոհաբերման կարևոր գաղափարը զրոյացվեց, ինչպես շատ բառեր, իսկ բառերն են իրականություն ստեղծում: 2003-ին ծիծաղում էին արդարություն գաղափարը վեր հանելու և անընդհատ արծարծելու համար, որի արդյունքում էլ հիմա ազատություն ու արդարություն գաղափարները դառել են վերացական և ամորֆ:
Արդարությունն այսօր մեծամասնության մտայնության մեջ գտնվում է կրիմինալ շրջանակներում: Այսօր որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե մարդը ունի խնդիր, այդ խնդիրը պետք է լուծի օրենքով գող կամ հեղինակություն մեկը, նախ կգնա նրա մոտ մինչև ոստիկանություն կամ դատարան դիմելը, որովհետև նախ վստահ չէ, որ դատարաններն արդար են, և ճշմարիտ է իր անվստահությունը, և երկրորդ՝ կրիմինալը շատ արագ և էֆեկտիվ է լուծում իր հարցերը, և պատահական չէ, որ այսօր ամբողջ իշխանությունը հիմնված է կրիմինալի վրա:
Բայց ոստիկանապետը վերջերս բարձրաձայնում է կրիմինալի, գողականի և այլնի վերացման անհրաժեշտության մասին:
Մեծ իմաստով, ոստիկանապետն իր կերպարով այդ մշակութային դաշտի մեջ է գործում, իր օդիոզ արտահայտությունները, իր խոսելու ոճն ավելի շատ կրիմինալ են հիշեցնում, քան հիշեցնում են ոստիկանապետի: Իր՝ Աստծուն անընդհատ վկայակոչելը և մեջբերելը վտանգավոր է, քանի որ օրենքի մարդն օրենքից պետք է խոսի, Աստծուց չպետք է խոսի: Ինքը առաջին հերթին պետք է վկայակոչի օրենքը, ոչ թե Աստծուն, որովհետև Աստծու անվան տակ պատմության ընթացքում ամենածանր հանցագործություններն են կատարվել: Դրա համար կարևոր է օրենքի գործուն լինելը: Վերջին շրջանի իրադարձություններն աննշան հույս են ներշնչում, որ ինչ-որ տեղ ժամանակավոր հնարավոր է սկսի աշխատել օրենքը, բայց վստահ չեմ, թե երկարատև կլինի, քանի որ վերջին օրինագիծն արագաչափերի վերաբերյալ ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվում. մեկ մարդու թատրոն է, մեկ մարդը ինչպես հրահանգում է, այդպես էլ լինում է ամեն ինչ: Այդ մեկ մարդը պետք է սկսի իրենից, իր շրջապատից և իր ընտանիքից: Նշանակում է՝ ցանկությունը չկա փոփոխության, որովհետև այդ ցանկությունն ուղղորդվում է իշխանությունը կորցնելու վտանգով, որովհետև իշխանությունն այսօր հիմնվում է քրեաօլիգարխիկ համակարգի վրա, և եթե նա փորձի այդ քրեաօլիգարխիկ համակարգը պայթեցնել, հնարավոր է՝ մինչև 2018 չհասնի:
Հնարավո՞ր է արտաքին կուրսի փոփոխությունը ներքաղաքական փոփոխության հիմք հանդիսանա, ի նկատի ունեմ Հայաստան-ԵՄ ասոցոցման պայմանագրի ստորագրումը:
Եթե ասոցացման համաձայնագիրը ստորագրվի, և մենք ավելի ինտեգրվենք եվրոպական ընտանիքին, իհարկե իրավիճակ կփոխվի, իհարկի կփոխվեն օրենքներ, իհարկե այս կլանաօլիգարխիկ համակարգը, որ այսօր խեղդում է երկիրը, չոքել է երկրի վզին և չի թողնում երկիրն առաջ գնա, կփոխվի, գոնե գները միջազգային շուկային համընթաց և ճկուն կդառնան: Կարծում եմ՝ ասոցացման պայմանագիրը շատ բան կփոխի մեր իրականության մեջ և, ընդհակառակը, շատ վատ կլինի մաքսային միության մեջ մտնելը և նորից հին արմատներին վերադառնալը: Մենք պետք է առաջ նայենք, մենք պետք է գնանք Եվրոպա, ցավոք այսօր եվրոպական արժեքների տակ հասկանում են հոմոսեքսուալների իրավունքների պաշպանությունը, մինչդեռ եվրոպական արժեքները նորմալ մարդկային հարաբերություններ են ենթադրում՝ ազատություն, անկեղծություն, օրենքի տառին համապատասխան գործողություններ: Եվրոպական արժեք ասելով՝ ես առաջինը դա եմ հասկանում, ոչ թե հոմսեքսուալների շահերի պաշտպանություն:  

Սիրանույշ Պապյան