Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե էլոյանը աշխատանքից ազատման դիմում չէր գրել, ինչպես որ Կառավարության նիստում ներկայացրել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Իսկ նախարարի մամլո խոսնակ Ավետիք Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե Վահե Էլոյանը տեղափոխվել է նախարարությունում մեկ այլ աշխատանքի: Ի՞նչ է կատարվել իրականում. ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Վահե Էլոյանի հետ:
-Պարոն Էլոյան, Դուք աշխատանքից ազատման դիմում իրականում գրե՞լ եք:
-Ես ո´չ աշխատանքից ազատման, ո´չ էլ այլ աշխատանքի տեղափոխման դիմում չեմ գրել:
-Իսկ Ձեզ նախարարությունում այլ աշխատանքի նշանակե՞լ են:
-Ես կրկնում եմ' ես այլ աշխատանքի անցնելու համաձայնություն չեմ տվել, չգիտեմ:
-Փաստորեն Յուրի Վարդանյանը Կառավարության նիստում հրապարակավ ստե՞լ է:
-Առանց մեկնաբանության:
-Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Ես դիմել եմ Վարչական դատարան' իմ ոտնահարված իրավունքը վերականգնելու համար:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված նման վերաբերմունքը, արդյոք այդ ամենը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի:
-Կարծում եմ' այդ հարցը ինձ չպետք է ուղղել:
-Դուք ԲՀԿ անդա՞մ եք:
-Ներկայումս' ոչ:
Զրուցեց' Փայլակ Ֆահրադյանը