Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր ռազմական շքերթ է տեղի ունենում' նվիրված երկրի Ազգային զինված ուժերի 95-րդ ամյակին: Շքերթն ընդունել է ԶՈւ գլխավոր գերագույն հրամանատար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Շքերթը մեկնարկել է Բաքվի կենտրոնական Ազադլըք' Ազատություն հրապարակում, որին մասնակցել է զինվորական և սպայական անձնակազմի 5 հազար ներկայացուցիչ: Շքերթին ցուցադրվել է 500 միավոր մարտական տեխնիկա, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, որոնց թվում' Ռուսաստանից վերջերս ձեռք բերած T-90C տանկեր և ինքնագնաց զենիթահրթիռային «Բուկ» համակարգեր: Ինչպես նշում է գործակալութունը, այս պահին Ադրբեջանի տրամադրության տակ գտնվող զենքի մեծ մասը ռուսական արտադրության է:
Միաժամանակ, շքերթին ցուցադրվում են նաև ադրբեջանական արտադրության սպառազինություններ և մարտական տեխնիկա, որոնցում վերջերս ակտիվացել է պաշտպանական արտադրությունը: Ներկայումս Ադրբեջանն արտադրում է խոշոր տրամաչափի հրազենային զենք, արդիականացված հետևակի մարտական մեքենաներ'ՀՄՄ, անօդաչու թռչող սարքեր:
Սա թվով 4-րդ ռազմական շքերթն է անկախացած Ադրբեջանում: Փորձագետների կարծիքով' շքերթը նպատակ ունի ցուցադրել վերջին տարիներին ազգային բանակի աճող հզորությունը:
Նշենք, որ Ադրբեջանը ամեն տարի մեծացնում է պաշտպանական արդյունաբերության վրա ծախսվող գումարները: 2013թ. ռազմական բյուջեն առաջին անգամ կազմել է 3.7 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ծախսերի 13.6%-ը: