Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը' այս պահին գործադիրի շենքի դիմաց են հավաքվել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, ինչպես նաեւ մայրաքաղաքի Դավիթաշեն, Փափազյան եւ Նար- Դոսի բնակիչները: Վերջիներիս պահանջը ուղղված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի դեմ: Բնակիչները պահանջում են, որպեսզի Կառավարությունը պարտավորեցնի Աշոտ Տոնոյանին կատարել պայմանագրով նախատեսված դրույթները: Բողոքի ակցիայի մասնակիցները մեր լրագրողի հետ զրույցում հայտնել են, որ նախորդ շաբաթ ֆինանսների նախարարը վստահեցրել էր, թե մի քանի օրից նրանց կընդունի եւ կլսի: Սակայն, բնակիչների խոսքերով, հանդիպում այդպես էլ չի եղել:

«Խաբում են, ամեն անգամ մեզ տանում բերում են: Հերիք եղավ, ես երկրում կառավարություն չկա, նախագահ չկա: Հերիք եղավ, արդեն հոգնել ենք, քանի տարի է մեզ խաբում են»,- ասել են բնակիչները:

Նրանք հայտնել են, որ Աշոտ Տոնոյանը այժմ գտնվում է Վրաստանում, որտեղ պահածոների գործարան է հիմնելու: Բնակիչները խոստանում են, որ եթե հարցը կարճ ժամկետում լուծում չստանա, ապա իրենք կգնան Վրաստան եւ անձամբ կհանդիպեն նրա հետ: «Աշոտ Տոնոյանը չի մարսելու, մենք խոստանում ենք' չի մարսելու,անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս հարցը շատ արագ լուծում ստանա»,- նշել են բնակիչները:

Նրանք նաեւ հայտնել են, որ պատրաստվում են դիմել դատարան:

Բնակիչների մեջ կան նաեւ քաղաքացիներ, ովքեր արտերկրից են եկել, որպեսզի ստանան իրենց բնակարանները: «Ես Հոլանդիայից եմ եկել, ինձ զանգեցին ասացին, թե եկեք ձեր բնակարանը ստացեք: Հիմա եկել եմ ու ի՞նչ, պարզվում է' հայրենիքը մեզ քցել է: Ուզում էի, որ երեխաներս էլ վերադառնան Հայաստան, բայց հիմա հայտարարում եմ' սա երկիր չէ»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Փայլակ Ֆահրադյան