Lragir.am. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օրերս հայտարարել էր, որ Վրաստանը կատարել է իր ընտրությունը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, ու այդ ընտրությունը կատարել է վրաց ժողովուրդը, որը ոչ մի առաջնորդ չի կարող փոխել: Օրերս էլ Վրաստանը հյուրընկալեց ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Ռասմուսենին:
Վրաստանի վարչապետի հայտարարությունները հետաքրքրական են նաեւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին: Վերջին շրջանում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար մոտենում է անկեղծության պահը, երբ Երեւանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ Մաքսային միությանն անդամակցելու միջեւ: Այդ կապակցությամբ, նկատելի է նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի համակողմանի ճնշման ուժգնացումը թե արտաքին եւ թե ներքին ուղղություններից:
Ահա այդ իրավիճակում, Բիձինա Իվանիշվիլին թերեւս տեսնում է Արեւմուտքի հետ իր հարաբերությունը կառուցելու հիանալի հնարավորություն: Բանն այն է, որ վերջին շրջանում Արեւմուտքի քաղաքականությունը վկայում էր Կովկասում գլխավոր գործընկերոջ փոփոխության միտումների եւ տրամադրությունների մասին: Եթե Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանը դարձավ Հարավային Կովկասում Արեւմուտքի գլխավոր գործընկերը, ապա հետագա տարիներին Վաշինգտոնն ու Բրյուսելը սկսեցին գիտակցել, որ այդ գործընկերը չունի այն ամբողջական պոտենցիալը, որը թույլ կտա գործընկերությունը հասցնել ռազմավարական մակարդակի: Այն, որ մակարդակը ռազմավարական չէր, վկայեց հարավ-օսական պատերազմը, ինչից ի դեպ դժգոհում էր նաեւ Սահակաշվիլին՝ հայտարարելով, թե արեւմտյան գործընկերները լքեցին իրեն: Իհարկե, հենց Արեւմուտքի շնորհիվ էր, որ Ռուսաստանը Թբիլիսի չմտավ, բայց բոլոր դեպքերում պարզ դարձավ, որ Վրաստանի եւ Արեւմուտքի գործակցությունը ռազմավարական բնույթ չի ստացել, ինչի համար բնականաբար թիվ մեկ պատասխանատուն հենց Վրաստանն էր ու նրա նախագահը: Սահակաշվիլին չկարողացավ կամ չցանկացավ ստանձնել քաղաքական լուրջ դերակատարում: Նա գերադասեց օգտվել թուրք-ադրբեջանական հակահայկական տրամադրությունների ֆինանսական օգուտներից: Փողի եւ քաղաքականության միջեւ, Սահակաշվիլին ընտրություն կատարեց փողի օգտին, քաղաքականության ծանրությունը թողնելով միայն Հայաստանի վրա:
Արեւմուտքի համար պարզ էր, որ Վրաստանի հետ ռազմավարական խնդիրներ լուծելու հեռանկարը հղի է նրանով, որ հանկարծ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են տարածաշրջանը դնել փաստի առաջ: Վաշինգտոնում եւ Բրյուսելում պարզ էր, որ տարածաշրջանում ռազմավարական գործընկեր կարող է լինել միայն Հայաստանը, ելնելով հայկական երկու պետությունների առաջ կանգնած առաջնահերթություններից ու մարտահրավերներից:
Իհարկե, մեղմ ասած դժվար է ասել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ունի այդ ամենի ռազմավարական գիտակցումը: Միգուցե կա փոքր ինչ ինտուիտիվ ընկալում, ինչը անկասկած անբավարար է պետական շահը պատշաճ մակարդակով սպասարկելու համար: Բայց Արեւմուտքի գործընկերը Հայաստանի ներկայիս իշխանությունը չէ, այլ Հայաստանը: Պարզապես իշխանությունը վայելում է արեւմտյան լոյալությունը այն պատճառով, որ Արեւմուտքն այստեղ այդպես էլ չի գտնում ժամանակին համարժեք այնպիսի գործընկեր, որն ունակ լինի խնդիրներին արձագանքել հայեցակարգային մոտեցումներով:
Այդուամենայնիվ, պարզ է, որ Վրաստանի վրայից արեւմտյան «խաղադրույքը» տեղափոխվել է Հայաստան: Սակայն ներկայում կարծես թե առաջանում են խնդիրներ, հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը տվյալ իրավիճակում առաջնորդվում է անձնական շահագրգռվածությամբ, ոչ թե պետական շահի ռազմավարական ամբողջական գիտակցումով: Դրա հետեւանքով Արեւմուտքում ակնհայտ կասկածներ են առաջացել, որ պաշտոնական Երեւանը կարող է հետ կանգնել ամենավճռական պահին եւ տեղի տալ ռուսական գրոհին:
Բիձինա Իվանիշվիլին անկասկած պատկերացնում է իրավիճակի նպաստավորությունն ու ակնկալում, որ հարմար պահ է Արեւմուտքին համոզելու համար, որ այդուհանդերձ պետք չէր Վրաստանի վրայից հանել խաղադրույքը: Միեւնույն ժամանակ, Թբիլիսին այդպիսով կշանտաժի Մոսկվային, ստիպելով հարաբերությունների կարգավորման գործընթացում լինել առավել զիջող, եթե Կրեմլը չի ցանկանում Վրաստանի մասով կրկին հայտնվել խաղից դուրս վիճակում:
Սակայն, այդ ամենով հանդերձ, Իվանիշվիլին այդ խաղով կարող է կամա թե ակամա օգնել նաեւ Հայաստանին, Մոսկվայի համար կատարելով որոշակի շեղող դեր: Մոսկվան, որ Վրաստանն արդեն համարելով իր գրպանում, գրեթե ամբողջ ռեսուրսով արշավ է սկսել Հայաստանի ուղղությամբ, Արեւմուտքի ուղղությամբ Իվանիշվիլիի քայլերի պարագայում ստիպված է լինելու կանգ առնել եւ հետ նայել:
Բանն այն է, որ Կրեմլի համար տարածաշրջանային միտումների տեսանկյունից Վրաստանը պակաս ռազմավարական նշանակություն չունի, քան Հայաստանը: Հայաստանում Ռուսաստանը կարող է ընդամենը կղզիանալ, եթե անգամ հաջողվի Երեւանին հետ պահել Եվրաինտեգրացիայի հետագա խորացումից: Այլ կերպ ասած, Հայաստանը կարող է ընդամենը դառնալ Ռուսաստանի լիակատար ֆորպոստ: Մինչդեռ 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացման մակարդակում ֆորպոստով ազդեցություն պահելը նույնն է, ինչ առյուծի վանդակում ճանճ պահելը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ