Երեւանի փողոցներում թեքահարթակների կառուցումն առաջին անգամ կատարվելու է պետական միջոցներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Մայրաքաղաքի իշխանություններն, ի դեպ, հաշվարկել են, որ յուրաքանչյուր թեքահարթակի կառուցումը համայնքային բյուջեին կարժենա 200 000 դրամ:
Ծրագիրն ամբողջությամբ գնահատվել է 20 000 000 դրամ, որի շրջանակներում նախատեսվում է 100 թեքահարթակի կառուցում:
Թեքահարթակները կառուցվելու են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների, 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի եւ մայրաքաղաքի այն 45 դպրոցների մուտքերի մոտ, որտեղ իրականացվում է ներառական կրթություն: Մայրաքաղաքի իշխանությունները տեղեկացնում են նաեւ, որ շինարարության ընթացքում պահպանվելու է թեքահարթակի 8-10 տոկոս թեքությունը, որը պարտադիր չափորոշիչ է:
Բացի այդ, թեքահարթակի առկայությունը պարտադիր պայման է նաեւ բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծերի հաստատման համար:
Սակայն, մինչ այժմ այս չափորոշիչները, մեղմ ասա, միշտ չէ, որ պահպանվել են, իսկ թեքահարթակների կառուցումը թողնվել է մասնավորի բարեհաճությանը: Արդյունքում շատ դեպքերում կառուցվել են թեքահարթակներ, որոնցից օգտվելը դժվար է նույնիսկ հենաշրժական խնդիր չունեցող մարդու համար: