Galatv.am. «Մեր «դաշնակից» Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի զենք է մատակարարել մեզ պատերազմով սպառնացող Ադրբեջանին: Ստացվում է, որ ձեզնից և անգամ ձեր՝ դեռ չծնված երեխաներից յուրաքանչյուրին սպանելու համար տրամադրված է 500 դոլարի զենք»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը նկատում է, որ երբ Ուկրաինան և Իսրայելն էին զենք վաճառում Ադրբեջանին, հայկական մամուլը ողողված էր քննադատական մեկնաբանություններով, իսկ հիմա, երբ դա արել է Ռուսաստանը, ինֆորմացիան մամուլում կցկտուր է:

Հայրիկյանը նշում է, որ եթե ինքը դարձած լիներ նախագահ, ապա ձեռքերը ծալած չէր նստի, ինչպես հիմա իշխանությունն է նստել: Լրագրողների հարցին, թե ինչ պիտի անի իշխանությունը, Հայրիկյանը նշում է, որ պետք է նախ Ռուսաստանին դիմել, ապա Մինսկի խմբի համանախագահներին հրավիրել և քննարկման դնել այս հարցը:

Բանախոսը գտնում է, որ հասարակությունն էլ հիմա պիտի իր հերթին պայքարի, դուրս գա ցույցերի' ընդհուպ իշխանափոխություն անի, քանի որ եթե մենք չունենք այն իշխանությունը, որը կարող է պաշտպանել մեզ, ապա այդ իշխանությունը պիտի չգործի:

Հայրիկյանը հիշեցնում է, որ առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի թշնամի պետությանը. դեռևս 1920-ին նա զենք է մատակարարել Թուրքիային և խորհուրդ է տալիս չմոռանալ անցյալը, քանի որ պատմական հիշողության կորուստը ամենասարսափելի բանն է:

 

Արաքս Մամուլյան