Lragir.am. Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության 95-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանն ու նաեւ մեդալ հանձնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Լուսանկարը, որտեղ Ֆոտոլուրի օբյեկտիվը պատկերել է այդ հուզիչ պահը, իսկապես խոսուն է: Բանն այն է, որ նրա մոտ այս օրերին բավականաչափ բան է կուտակվել, գեներալական համազգեստը հագնելու, մեդալները կախելու եւ զորահանդեսի հրամանատարի կեցվածք ընդունելու համար: Դատախազությունում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը բյուջետային միջոցները տարբեր ոլորտներում անխնա մսխելու մասին, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործը:
Կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանի ճակատագիրն ինչ որ տեղ կախված է նաեւ դատախազությունից, որովհետեւ եթե այն համոզիչ ապացույցներ չներկայացնի Տիգրան Սարգսյանի անտեղյակության մասին՝ որ իր անունով օֆշորային ընկերություն է բացել Նավասարդ Կճոյանի սանիկը, ապա վարչապետին այլ բան չի մնա, քան կամ հրաժարական տալ, կամ էլ որդեգրել արդիական մի մականուն եւ լիարժեք ինտեգրվել քրեական օլիգարխիայի համակարգին, եթե իհարկե ընդունեն:
Պատահական չէ, որ ելույթ ունենալով դատախազության 95-ամյակի հանդիսությանը, Տիգրան Սարգսյանն ակնհայտ դիֆերամբներ է ձոնել այդ կառույցին, հայտարարելով, թե եթե իշխանությունը խոստովանում է թերությունները, դա «ոմանց իրավունք չի տալիս ցեխ շպրտել ամբողջ համակարգի վրա»: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ դատախազությունն իհարկե ունի խնդիրներ ու անելիքներ, բայց չի կարելի չնկատել այն առաջընթացը, որ արձանագրվել է այդ ոլորտում:
Աղվան Հովսեփյանը միգուցե կգնահատի Տիգրան Սարգսյանի գնահատականը, փնտրելով նրա «անտեղյակության» ապացույցներ: Չի բացառվում, որ վարչապետը դժգոհ է որոնման արագությունից եւ հենց այդ պատճառով էլ որոշել է խրախուսել դատախազությանը:
Շատերը կարող են համարել, որ այդ ամենն ավելորդ է, քանի որ ամեն ինչ միեւնույն է կլինի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը կասի: Այսինքն, եթե նա ասի, ապա դատախազությունը կանի շատ արագ, անկախ Տիգրան Սարգսյանի վերաբերմունքից կամ նրա հանդեպ դատախազի վերաբերմունքից: Բայց, Հայաստանի իշխանական համակարգում հիմա բավական բարդ իրավիճակ է, որում Սերժ Սարգսյանը լռություն է պահպանում: Իսկ քանի որ Սարգսյանը լռում է, ապա համակարգում որեւէ մեկը չի կարող երաշխավորված լինել, թե ինչ հնարավորություններ ունի նա տվյալ պահին: Հետեւաբար, եթե անգամ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանից ստանում է անվտանգության երաշխիքներ, նա միեւնույն է փորձում է իրեն ապահովել նաեւ գլխավոր դատախազի կողմից, որովհետեւ հայտնի չէ, թե հնարավորությունների տեր է Աղվան Հովսեփյանը:
Սերժ Սարգսյանին որպես նախագահ ճանաչում են բոլորը, որովհետեւ դա ձեռնտու է բոլորին, քանի որ ոչ ոք ներկայում ի վիճակի չէ նրան հեռացնել այդ պաշտոնից եւ զբաղեցնել տեղը, կամ օգնել այն զբաղեցնելու որեւէ ավելի հոգեհարազատ մեկին, բայց նախագահ ճանաչելը մի բան է, մեկ այլ բան է վստահ լինել, որ նա լիովին տիրապետում է իրավիճակին ու թելադրում այն: Ի վերջո, Սերժ Սարգսյանն առայժմ իր դիրքում մնում է ոչ թե սեփական իշխանության, այլ ավելի շատ հենց ներիշխանական թեւերի մեջ հակասություն առաջ բերելու եւ որեւէ մեկին մյուսի հանդեպ գերակշիռ առավելություն թույլ չտալու շնորհիվ:
Այնպես որ, Սերժ Սարգսյանը նախագահն է, բայց որեւէ մեկը վստահ չէ, թե մրցակիցներից ով, երբ եւ որ հարցում կարող է ազդեցություն ունենալ նրա վրա: Հետեւաբար պարզ է, թե ինչու է վարչապետը ներկայիս բարդ իրավիճակում փորձում նաեւ ուղղակի հարաբերություն հաստատել գլխավոր դատախազի հետ: Չէ որ բանը միայն օֆշորը չէ, այլ նաեւ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որտեղ Տիգրան Սարգսյանը եւս մի «ահեղ» ու համառ մրցակից ունի՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ով անկասկած նույնպես կփորձի կամ գուցե արդեն փորձել է ուղղակի հարաբերություններ հաստատել Աղվան Գառնիկչի հետ:
Միեւնույն ժամանակ սակայն, համառորեն խոսակցություններ են շրջանառվում, որ գլխավոր դատախազը հեռացող դատախազ է եւ առաջիկա աշնանը նրա պաշտոնավարման վեցամյակի լրանալուց հետո նա այլեւս չի լինի Գլխավոր դատախազ: Դա նշանակում է, որ ներիշխանական գլխավոր ճակատամարտը բաժին կընկնի արդեն նոր գլխավոր դատախազի:
Բայց այստեղ իհարկե կա մի բավական նուրբ պահ: Աղվան Հովսեփյանը դեռեւս 2000-ականների կեսերից բավական ակտիվ ձգտում ունի դեպի քաղաքականություն: Նա նույնիսկ կուսակցություն էր փորձում ստեղծել, ինչը կանխվեց 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ: Հովսեփյանը ստիպված էր զսպել հավակնությունները կամ դրանք փոխանակել դատախազի պաշտոնի հետ: Աղվան Հովսեփյանն ընտրեց զսպելու տարբերակը: Բայց մեծ է հավանականությունը, որ դատախազի պաշտոնը թողնելուց հետո նա կփորձի փարատել քաղաքականության հանդեպ ունեցած «կարոտը»: Իսկ դա նշանակում է, որ ներիշխանական «ճակատամարտի» մասնակիցները ի դեմս Աղվան Հովսեփյանի արդեն տեսնում են ոչ միայն գլխավոր դատախազին, այլ նաեւ ապագա մրցակցին կամ գործընկերոջը: 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ