«Bloomberg» ընկերությունը հրապարակել է աշխարհի 57 ամենաանբարո երկրների ցանկը, որոնց թվում Հաայստանը զբաղեցնում է 4-րդ տեղը’ Չեխիայից, Սլովենիայից և Ավստրալիայից հետո:
Ուսումնասիրությունն արվել և վարկանիշային աղյուսակը կազմվել է հաշվի առնելով այդ երկրներում մարդկանց հակումները դեպի անբարո արարքները (ալկոհոլ, ծխախոտ, մոլախաղեր, թմրանյութեր): Ընդ որում, այս չափորոշիչները հաշվի են առնված բնակչության թվի և մեկ բնակչին բաժին ընկնող ցուցանիշի հարաբերակցությամբ: Հաշի է առնված թմրամոլության տարածվածությունը երկրի 15-64 տարեկան բնակչության շրջանում, ինչպես նաև ՀՆԱ-ի նկատմամբ դրամախաղերից ունեցած կորուստների տոկոսային հարաբերակցությունը: Ալկոհոլամոլության և ծխախոտամոլության դեպքում ևս հաշվի է առնվել դրանց տարածվածությունը 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում:
Ըստ ուսումնասիրության, մեր երկրում յուրաքանչյուր չափահաս քաղաքացի տարեկան սպառում է 13.66 լիտր ալկոհոլ: Համեմատության համար նշենք, որ, ըստ նույն աղբյուրի, Ռուսաստանում այդ ցուցանիշը 16.23 է: Իսկ առաջին տեղում Բելառուսն է’ 18.85 լիտր ցուցանիշով:
Ալկոհոլի տարածվածությունն անեմացածրն է Իսրայելում և Լիբանանում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու տարեկան սպառած ալկոհոլը չի գերազանցում 2.5 լիտրը:
Ինչ վերաբերում է թմրամոլության ցուցանիշին, ապա այդ արատով տառապում է բնակչության 3.5%: Ընդ որում հայերն ամենից շատ օգտագործում են կանեփ և ամֆիտամինային թմրանյութեր: Վերջինի կիրառությունը ընդհանուր ցուցանիշում կազմում է 0.05%: Նշենք, որ ամֆիտամինային թմրանյութերը քիմիական խառնուրդներից ստացված թմրամիջոցներ են, որոնք ամենավտանգավորն են համարվում մարդու կյանքի և առողջության համար:
Խաղամոլության ցուցանիշով մեր երկիրը զիջում է միայն Ֆիլիպիններին: Դրամախաղերի տարեկան շրջանառությունը Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 1.65%-ը: Համեմատության համար նշենք, որ Ֆիլիպիններում այս ցուցանիշը 1.79% է, Ավստրալիայում 1.44%, Արգենտինայում’ 1.37 %: Իսկ, օրինակ, խաղատնային աշխարհահռչակ կենտրոններով հայտնի ԱՄՆ-ի ցուցանիշը 0.64 % է:
Ըստ, «Bloomberg»-ի տվյալների, յուրաքանչյուր չափահաս քաղաքացի տարեկան ծխում է 1620 հատիկ ծխախոտ: Ըստ նույն աղբյուրի, մեզանից շատ են ծխում չեխերը, ռուսները, սլովակները, բուլղարացիները, ուկրաինացիները: Ամենաքիչը ծխում են Զամբիայում’ տարեկան ընդամենը 74 ծխախոտ:
Զամբիան, ի դեպ, աղյուսակի վերջին’ 57-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ այդ երկրում հիշատակված 4 արատներն ամենից քիչն են տարածված: