Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշանակել է երկրում նախագահական ընտրությունների ամսաթիվը: Դրանք կայանալու են հոկտեմբերի 27-ին. հայտարարել է պետության նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջղալաձեն երկուշաբթի օրը:
«Վրաստանի նախագահը, գործող Սահմանադրության համաձայն, որոշում է կայացրել նշանակել հերթական նախագահական ընտրությունների ամսաթիվը: Վրաստանի նախագահը հուլիսի 1-ին կարգադրություն է ստորագրել, և այդ իրավական ակտն արդեն հրապարակվել է: Հերթական ընտրությունները կայանալու են 2013թ. հոկտեմբերի 27-ին' ամսվա վերջին կիրակի օրը»,-ասել է Մանջղալաձեն:
Այս պահին հայտնի է նախագահի 3 թեկնածուի անուն: Դրանց թվում է Վրաստանի փոխվարչապետ, Կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, ով ներկայացնում է իշխող «Վրացական երազանք»-ը: Մյուս թեկնածուն Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին է, երրորդը՝ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ում թեկնածությունն առաջադրել է «Ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը:
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուն հայտնի կդառնա հուլիսի վերջին. տեղեկացնում է Новости-Грузия-ն։