Lragir.am. Հայաստանը հաջորդ տարի մտադիր է վերանայել պաշտպանական ռազմավարությունը: Այդ մասին Վրլնյուսում Եվրոպական անվտանգության խնդիրների վերաբերյալ սեմինարում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Նա ասել է, որ նոր հայեցակարգում լրացուցիչ նշանակություն է հատկացվելու Եվրամիության դերի ճշտմանը:
Ներկայում Լիտվան նախագահում է ԵՄ-ում, եւ հենց Վիլնյուսում նոյեմբերին տեղի կունենա Արեւելյան գործընկերության վեհաժողովը, որտեղ Հայաստանը եւ այլ երկրներ պետք է ստորագրեն ասոցացման համաձայնագիրը: Մնացել է մի քանի ամիս, սակայն ստորագրման ճանապարհին խոչընդոտներն ավելի ու ավելի են շատանում:
Հատկանշական է, որ Հայաստանի եվրաինտեգրման դեմ այլ փաստարկներ չեն մնացել, բացի նրանից, որ Հայաստանը չի կարող ինտեգրվել Եվրոպային, եթե Ռուսաստանը, որի հետ Երեւանը անվտանգության նույն համակարգում է, դեմ հանդես գա: Հնչում են հանրաքվե անցկացնելու, ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հետաձգելու կոչեր:
Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը վաղ թե ուշ պետք է լուծեր անվտանգության համակարգի հարցը: Ըստ ամենայնի, դրանով է պայմանավորված այն, որ Եվրամիությունն առաջարկում է նոյեմբերին ոչ թե ստորագրել, այլ նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը: Անվտանգության հարցերի քննարկումը թերեւս որոշվել է թողնել ավելի ուշ:
Սա իսկապես առանցքային հարց է, եւ կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում, ընդհուպ ռուսական բազայի դուրսբերումը եւ ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան: Դա հասկանում են Մոսկվայում, եւ ցանկանում են ավելի իրենց կապել Հայաստանը, ինչով էլ պայմանավորված էր բազաների տեղակայման ժամկետների երկարաձգումը:
Մոսկվան բավական քայլեր է ձեռնարկել՝ եվրոպական ճանապարհից Հայաստանին եւ այլոց հետ պահելու համար: Սակայն Մաքսային միության եւ Եվրասիական միության գաղափարները տապալվել են, մտրակի ու բլիթի մեթոդիկան արդյունավետ չի աշխատում, եւ Մոսկվան փորձում է թույլ չտալ նախաստորագրումը: Իսկ դրանից հետո ինչ որ բան կարելի է մտածել:
Եվրոպան համենայնդեպս հրապարակային չի դրել Արեւելյան գործընկերության երկրների անվտանգության համակարգի փոփոխման պահանջ: Ասենք, նման խնդիր առկա է միայն հայաստանի դեպքում, քանի որ մյուս երկրները, որոնք պետք է նախաստորագրեն համաձայնագիրը՝ Ուկրաինան, Վրաստանը եւ մոլդովան ՀԱՊԿ անդամ չեն եւ նրանց տարածքում չկան ռուսական բազաներ (եթե չհաշվենք Սեւծովյան նավատորմը Ուկրաինայում): Եւ Հայաստանը ստիպված է այս մասին մտածել:
Լիտվան իր նախագահության ժամկետում ձգտելու է ընդլայնել Եվրամիության համագործակցությունն իր արեւելյան գործընկերների հետ անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության համաեւվրոպական գոտում եւ այդ հարցը ներառելու է քննարկման օրակարգ, որը Եվրոպական խորհրդում ծրագրվում է անցկացնել այս տարվա վերջին,- ասվել է Վիլնյուսի սեմինարի ժամանակ:


Նաիրա Հայրումյան