Վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը վստահ է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ինքնագործունեությունը ոչ մի կերպ չի տեղավորվում Սերժ Սարգսյանի կառավարման մոդելի շրջանակներում: Նման տեսակետ է հայտնել վերլուծաբանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Հովիկ Աբրահամյանի՝ լրագրողներին տված հարցազրույցին:
«Սերժ Սարգսյանի կառավարման մոդելի պարագայում Հովիկ Աբրահամյանի, Իշխան Զաքարյանի ինքնագործունեությունը՝ կապված վաչապետին ուղղված ուղղակի կամ անուղղակի քննադատության հետ, ըստ էության, կարելի է նոնսենս համարել, քանի որ այս կառավարման մոդելի շրջանակներում ամեն ոք պետք է կատարի Սերժ Սարգսյանի հանձնարարությունները և տեղավորվի Սերժ Սարգսյանի պատկերացումների շրջանակներում: Լինի դա Իշխան Զաքարյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, ամենևին այստեղ կարևոր չէ՝ Սահմանադրությամբ և օրենքներով նրանց ինչ լիազորություններ են վերագրված, կարևորն այն է, թե Սերժ Սարգսյանը ինչպես է պատկերացնում նրանց լիազորությունները: Հիմա եթե այս համատեքստում նայում ենք Հովիկ Աբրահամյանի և Իշխան Զաքարյանի վարքագծին, ապա տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներսում ամեն դեպքում ինչ-որ բան կատարվում է. խոսքս թևերի հակամարտության մասին է»,- ասել է Դերենիկ Մալխասյանը:
Ըստ նրա՝ կար տպավորություն, որ գործող նախագահի մոտ քննարկումներից հետո պետք է իրավիճակը հանդարտվեր, սակայն այդպիսի բան չնկատվեց: «Իշխան Զաքարյանը մամուլի հաղորդագրությունների միջոցով պատասխանեց Սերժ Սարգսյանին, ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա ՀՀԿ ԳՄ նիստից հետո Հովիկ Աբրահամյանի պատասխանները կարելի է միանշանակ չընկալել: Ես չտեսա, որ Հովիկ Աբրահամյանը այնտեղ ինչ-որ տեղ մեղայական է գալիս իր ասածների համար, բավականին լղոզված պատասխաններ էր տալիս՝ նույն օֆշորային սկանդալի հետ կապված: Նա ասում է, օրինակ, ես վարչապետին հարցրել եմ օֆշորի մասին, ինքն ասել է՝ ոչ, այդպիսի բան չկա: Բնական է, վարչապետը ի՞նչ պետք է ասեր, պետք է ասեր՝ այո, կա՞ օֆշորային սկանդալ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը ինֆորմացիան այնպես է մատուցում, որ ինքը շարունակում է կասկածել վարչապետին և չի ընդունում վարչապետին և Տիգրան Սարգսյանի գոյությունը վարչապետի աթոռին»,- ասել է Դերենիկ Մալխասյանը:
Վերլուծաբանը հրավիրում է ուշադրությունը հատկապես հետևյալ փաստի վրա. «Հովիկ Աբրահամյանի հարցազրույցի մեջ շատ կարևոր մաս կար, որը վերաբերում էր իր դեմ մամուլում տպագրվող կոմպրոմատների պատվերներին:
Այդ հոդվածների առումով Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատվեր է տեսնում, իրեն հայտնի է՝ ովքեր են պատվիրատուները և ինչ նպատակ են հետապնդում: Այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ կարող է պատվիրել Հովիկ Աբրահամյանի դեմ նման կոմպրոմատային հոդվածներ: Ես ենթադրում եմ, որ դա, բնականաբար, վարչապետն է, քանի որ նրանց միջև հակամարտություն կար: Հովիկ Աբրահամյանի քննադատությանը զուգահեռ՝ կոմպրոմատները հայտնվեցին հատկապես իշխանության կողմից վերահսկվող մամուլում, հետևաբար, Հովիկ Աբրահամյանը կարծես թե շարունակում է պատասխանել վարչապետին և հասկացնում է, որ Տիգրան Սարգսյանը իր դեմ պատվերներ է կատարում: Եթե ԳՄ նիստից հետո շարունակվեն «փոխհրաձգությունները» Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի միջև, ապա պետք է սպասել, որ աշնանը իշխանության ներսում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ: Եթե կողմերը հանդարտվեցին, ապա այդ դեպքում լճացած վիճակը կշարունակվի»:
Մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը հանդարտեցման կողմնակի՞ցն է, թե՞, այնուամենայնիվ, փոփոխությունների կգնա, վերլուծաբանը տվել է հետևյալ պատասխանը. «Սերժ Սարգսյանը իր բնույթով կողմ է լճացմանը և իշխանության ներսում անդեմ, ստրկամիտ մարդկանց հավաքածու ունենալուն: Հետևաբար Սերժ Սարգսյանին որևէ այսպես հրապարակային և իրական կոնֆլիկտ՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների մակարդակով, հարկավոր չէ»:
Փայլակ Ֆահրադյան