2011թվականի փետրվարի 12-ին Խոջալուի զորամասերից մեկում մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանի գործով այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ Թորգոմ Սարուխանյանը գործել է ինքնասպանություն, իսկ տուժող կողմի բողոքն անտեսվել է: Այդ մասին այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Ճիշտ ժամանակին, օրենքի համաձայն դիմել են Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի, այսպես կոչված, դատավոր Համլետ Դավթյանին, որը վարում է Թորգոմ Սարուխանյանի սպանության գործը, և միջնորդել ենք, որպեսզի մեզ տեղեկացնի, թե գործի ընթացքի մասին, և եթե վճիռ է կայացրել, մեզ տրամադրի դատավճռի պատճեն: Հարցը նրանումն է, որ երբ մենք բազմաթիվ հաղորդումներ ուղարկեցինք հանցագործության մասին գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին, նախարարին դուր չեկավ այն, որ մենք բացահայտել ենք իր կառույցների կողմից կատարված հանցագործությունները, այսինքն՝ ՊՆ քննչական ծառայության և ՊՆ ռազմական ոստիկանությսն վարչության կատարած հանցանքները: Այդ իսկ պատճառով Սեյրան Օհանյանը, որն ըստ օրենքի գումարներ էր տրամադրում տուժող կողմին՝ դատարան գնալու համար, հրաժարվեց այդ գումարը տրամադրել՝ ասելով, որ նախարարությունը գումարներ չունի, և մենք հնարավորություն չունեինք դատարան գնալու»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Այնուհետև երբ նրանք միջնորդել են, որ իրենց վճիռը ուղարկեն, վճիռը չեն ուղարկել, այս անգամ էլ նրանք միջնորդել են Վերաքննիչ դատարանին, նա էլ բավարարել է տուժող կողմի միջնորդությունը և որոշում կայացրել, որ նրանց տրամադրեն դատավաճռի պատճեն, բայց երբ տուժող կողմն ստացել է վճռի պատճենը և այսօր ներկայացրել վերաքննիչ բողոքը, դատարանը չի ընդունել այն՝ ասելով, որ տուժող կողմը օրենքով սահմանված կարգով պարտավոր էր վերաքննիչ բողոք ներկայացնել մեկ ամսվա ընթացքում, ինչը չի արել, և դատարանը չի ընդունում այդ բողոքը:

Երբ Ռուբեն Մարտիրոսյանը դատավոր Կարինե Ղազարյանին ասել է, որ նրա կոլեգայի մեղքով են ուշացրել այս բողոքը, դատավորն ասել է՝ «օրենքը կա օրենք»:

«Փաստորեն դուրս է գալիս, որ ՀՀ դատավորները աշխատում են ըստ օրենքի, էդպես է ստացվում: Այսօր իրենք համարեցին դատական քննարկումներն ավարտված և չբավարարեցին նաև պաշտպանվող կողմի միջնորդությունը, որին միացա նաև ես, որպեսզի վկաները, ովքեր դատարան չէին բերվել, բերվեին դատարան: Մեղադրողը մերկապարանոց հայտարարություն արեց, որ իբր թե վկաներից ոչ մեկը Հայաստանում չի: Խոսքը գնում է 10-ից ավել վկաների մասին, և իբր թե դատարանը ծանուցագրման բոլոր քայլերը կատարել է, և անհնարին է եղել գտնել: Ես էլ բողոքեցի՝ ասելով, որ դատարանը չի կատարել օրենքով նախատեսված բոլոր քայլերը, որպեսզի վկաներին բերի: Ես բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ կատարվել է հանցագործություն, այդ իսկ պատճառով մեզ զրկեցին վերաքննիչ բողոքը ներկայացնելու հնարավորությունից»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը և հավելել, որ դրանից հետո տուժող կողմը ցուցադրաբար լքել է դահլիճը: Մարտիրոսյանը նաև ասել է, որ փաստի վերաբերյալ իրենք անպայման բողոք կներկայացնեն:

Լիլիթ Թադևոսյան