«Ես չեմ կարծում, որ վարչապետը ՀՅԴ-ի մեջ գժտություններ մտցնելու նպատակ է հետապնդում, ամեն դեպքում ով որ նման նպատակ է հետապնդել, հիմնականում հաջողության չի հասել, այնպես որ առանձնապես կռիվ չկա վարչապետի և ՀՅԴ-ի միջև, պարզապես սուր քննադատություն կա Դաշնակցության կողմից Կառավարության և ընդհանրապես իշխանությունների վարած տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության նկատմամբ, այդ առումով մենք կոնկրետ պաշտոնյայի թիրախ չենք դարձնում, մեր պայքարը համակարծիք է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը' խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՅԴ-ականների միջև ծագած տարաձայնությունների մասին:
ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, որ ՀՅԴ-ի' իշխանություններին ուղղված քննադատությունը նոր երևույթ չէ, արդյոք դրա անմիջական պատճառը գուցե վարչապետի հետ կապված օֆշորային պատմությո՞ւնն է, քանի որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն վարչապետի աշխատակազմից խնդրել են Երկիր մեդիա հեռուստաալիքին չլուսաբանել օֆշորային պատմությունը, դաշնակցական պատգամավորը չցանկացավ մեկնաբանել.
«Ես այդ հարցի մեկնաբանության մեջ չեմ ուզում խորանամ պարզ պատճառով. դա ինձ չի հետաքրքրում, Հայաստանի կարևորագույն հարցը դա չէ, կարևորագույն օրակարգը դա չէ»,- ասաց Հովհաննիսյանը:
Սեդա Ղուկասյան