Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով եղել է ավտոբուսին բախված «Կամազ»-ի վարորդը, դատարանի դահլիճում եղել է բառացիորեն անմխիթար վիճակում: Բոտկինսկի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո 46-ամյա Հարությունյանին դատարան են տարել չսափրված վիճակում և կանացի գույնզգույն խալաթով:

Մեր թղթակցի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, խոսելով դաշնակից երկրի վերաբերմունքի մասին, հայ վարորդի նկատմամբ ասաց.

«Իմ կարծիքով՝ դա Ռուսաստանի իրավապահ համակարգին բնորոշ վարքագիծ է, որը միայն ՀՀ քաղաքացիների հանդեպ չէ այդպես գործում, Ռուսաստանում այդպես է մարդու իրավունքների դրությունը: Մեղադրյալը, տվյալ դեպքում՝ Հրաչյա Հարությունյանը, հայտնվեց այդ դրության մեջ, որն ունի համակարգային բնույթ»:

Անդրիաս Ղուկասյանը Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածի մասին խոսելիս որակեց այն որպես աննորմալ վերաբերմունք ռուսաստանյան իշխանությունների կողմից. «Համակարգի այդ տեսակ վերաբերմունքն առհասարակ մարդկանց նկատմամբ վերջապես ընկավ մեր հայրենակիցների տեսադաշտ, երբ մեր հայրենակցին տեսանք այդ դրության մեջ: Մինչ այս բազմաթիվ հայերի նկատմամբ նման վերաբերմունք է եղել, այն, ինչը կատարվեց Ռուսաստանում բացահայտում չէ, դրանք գործում են տարիներ շարունակ: Ռուսաստանի իրավական համակարգը մի մեքենա է, որը ստորացնում է մարդկանց»,-ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Ղուկասյանը կարծում է, որ այս պահի դրությամբ, երբ Ռուսաստանում հայտարարված է սգո օր, պետք է ցավակցություններ հայտնել զոհվածներին: Վերջինս, սակայն, այսօր չի մասնակցել տեղի ունեցած բողոքի ակցիային, իսկ վաղվա մասին դեռ կմտածի: