Բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ուսումնասիրության արդյունքում Արարատի մարզի Դալար գյուղի մոտ հայտնաբերվել և արձանագրվել է ձկների զանգվածային ոչնչացման փաստ: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել էին, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: Իսկ գետի ձկները' համատարած սատկել: Գյուղացիների մեկնաբանությամբ, պատճառը Արարատի մարզում գործող «Արտաշի» գինու գործարանն է, որի կեղտաջրերով աղտոտված գետի ջուրն էլ իրենք օգտագործել էին' իրենց հողատարածքները ոռոգելու համար: «Փաստինֆո»-ին ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնել էր, որ մամուլում հրապարակված տեղեկություններն ուղարկվել են բնապահպանական տեսչությանը, և մեկ-երկու օրից ուսումնասիրության արդյունքները հայտնի կլինեն: Եվ ահա այսօր արդեն Բնապահպանության նախարարությունը արձանագրված փաստի առթիվ դիմել է ՀՀ Ոստիկանություն' ՀՀ Քրեական օրենսգրքի 287-րդ, 292-րդ և 293-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով: Նշենք, որ հոդվածները վերաբերում են ջրերի աղտոտմանը, ջրային կենդանիներին և բույսերին խոշոր վնաս հասցնելուն կամ ոչնչացնելուն, ինչպես նաև' որոշակի աշխատանքների արդյունքում ձկնային պաշաների ոչնչացմանը: Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հիշյալ եզրահանգման համար հիմք են ծառայել Դալար համայնքի մակերևութային ջրերից և սատկած ձկներից լաբորատորիաների աշխատակիցների վերցրած նմուշները: Դրանց լաբորատոր հետազոտությունները դեռ շարունակվում են և ԲՆ-ն խոստանում է արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել առաջիկայում: