Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:
Համաձայն դրա, առաջիկա տարիներին ծախսերի հիմնական մասը, ինչպես միշտ, կազմելու են պետական կարիքների համար ապրանքների և ծառայությունների գնումները, նպաստներն ու կենսաթոշակները, պետական կառավարման մարմինների աշխատակիցների աշխատավարձերը, որոշակի ծառայություններ մատուցող ընկերությունների սուբսիդավորումը, պետական ավտոճանապարհների պահպանությունն ու շահագործմանը, ՏԻՄ-երին աջակցության տրամադրումը և, իհարկե, ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկումը:
Այս ամենի համար կառավարության հաշվարկով կծախսվի բյուջեի 86.3%-ը , համեմատության համար նշենք, որ 2013 թվականին այդ ցուցանիշը 82.8% էր:
Ինչ վերաբերում է պետական պարտքի սպասարկման համար ծախսվող գումարներին, ապա դրանք, ինչպես և սպասվում էր, ինչպես մինչև այժմ, այնպես էլ այսուհետ տարեցտարի աճելու են: Եթե այս տարի բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է 52,5 մլն դրամ, ապա 2014-ին այդ գումարը կհասնի 54,2 մլրդ-ի, 2015-ին’ 60 մլրդ-ի, իսկ 2016-ին արդեն 66 մլրդ դրամի: Ի դեպ, պարտքի սպասարկման միայն տոկոսավճարները առաջիկա 3 տարիներին կկազմեն համապատասխանաբար 1 մլրդ 691 մլն, 5 մլրդ 778 մլն և 5 մլրդ 984մլն դրամ:
Բայց պարտքը սպասարկող գումարներին զուգահեռ աճելու է նաև բուն պարտքի չափը: Եվ այս մասին հայտարարում են հենց մեր երկրի ֆինանսական բնագավառի պատասխանատուները, ի դեմս 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հեղինակների:
«ՀՀ պետական բյուջեին բնորոշ առանձնահատկություններից մեկը դա նրա որոշակի կախվածությունն է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից (արտասահմանյան վարկերից և պաշտոնական դրամաշնորհներից), որը կպահպանվի նաև առաջիկա տարիներին»,- գրված է ծրագրի նախագծում:
Բյուջեի դեֆիցիտը, փաստորեն, դարձյալ ծածկվելու է ի հաշիվ արտաքին փոխառությունների, ընդ որում, դարձյալ առյուծի բաժինը դրանցում վարկերինն է, ինչը նշանակում է, որ դրանց տոկոսներից կախված տարեցտարի աճելու են նաև պարտքի սպասարկման գումարները:
Եվ այսպես 2014թ-ին նախատեսվում է140 մլրդ դրամի արտաքին ֆինանսավորում, որից շուրջ 120 մլրդ-ը’ հարկերի հաշվին, 2015-ին պատկերը գրեթե նույնն է, այն տարբերությամբ, սակայն, որ գրանտների չափն էլ ավելի կնվազի’ կազմելով շուրջ 10 մլրդ, իսկ 2016-ին գրանտների 10 մլրդ-ը կպահպանվի, բայց փոխարենը վարկերի չափն էլ ավելի կաճի’ հասնելով շուրջ 150 մլրդ-ի:
Ավելորդ է նշել, որ պետության վերցրած այս վարկերը մարելու ոչ այնքան թեթև բեռը մնալու է արդեն հետագա տարինեի հայաստանյան բյուջեի վտիտ ուսերին:
Բայց մի հուսադրող կանխատեսում, այնուամենայնիվ, կա. ծրագրի հեղինակները 2014-2016 թվականներին նաև պետական բյուջեի եկամուտների աճ են կանխատեսել. 2014թ-ին' 1,146.3 մլրդ դրամի, 2015թ-ին' 1,266.8 մլրդ դրամի և 2016թ-ին' 1,416.4 մլրդ դրամի չափով:
Բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների: Բայց ի հաշիվ հարկերի ավելացման, թե վարչարարության խստացման, ծրագրի հեղինակները չեն հստակեցնում:
Հեղինակ:
Նելլի Դանիելյան