Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ ) աղմկահարույց դատավճիռ է արձակվել Նորվեգիայի մի քաղաքացու նկատմամբ, ում մեղավոր են ճանաչել ապօրինի կենակցության մեջ: Մեղադրանքի համար առիթ է հանդիսացել հենց իր՝ դատապարտյալի հայտարարությունն այն մասին, որ իրեն բռնաբարել են:
Արաբական արդարադատությունը 25-ամյա աղջկան 16 ամսով ուղարկել է ճաղերից այն կողմ, հաղորդում է նորվեգական «newsinenglish.no» կայքը:
Ըստ հաղորդագրության սկանդինավուհին Դուբայ է եկել գործուղման: Սակայն օտար երկրում նրան բռնաբարել են, որից հետո աղջիկը դիմել է ոստիկանություն: Օրենքի պահապանները նրան հավատացել են մասամբ: Նրանք որոշել են, որ աղջիկը սեռական հարաբերությունների մեջ է մտել սեփական կամքով, այդ իսկ պատճառով, ըստ իսլամի օրենքների, համարվում է հանցագործ: Չամուսնացած ապօրինի կենակցողից վերցրել են փաստաթղթերը և նրա գործերը հանձնել դատարան:
Աղջիկա համար խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նորվեգական դեսպանատան միջամտությունից հետո նրան հնարավորություն են տվել մինչև դատը գտնվելու նորվեգական ծովայինների եկեղեցու հովանու ներքո:
Նորվեգուհու դեմ առաջադրվել ոչ միայն արտամուսնական կապերի մեջ մտնելու, այլև ալկոհոլ օգտագործելու և սուտ վկայություն տալու մեղադրանքներ:
«Այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է նա, ուղղակի սարսափելի է»,-ասել է ծովայինների եկեղեցու հոգևորական Ջիսլ Մելինգը: Բանն այն է, որ ԱՄԷ և Նորվեգիայի միջև գոյություն չունի հանցագործների փոխանակության պայմանագիր: Իսկ դա նշանակում է, որ նորվեգուհին դատապարտվելուց հետո ստիպված կլինի պատիժն անցկացնել արաբական բանտում:
Այս պահին նորվեգուհին փորձում է բողոքարկել իր նկատմամբ կայացրած 1 տարի 4 ամիս ազատազրկման դատավճիռը: Նրա դատապարտումն առավել զայրացուցիչ հանգամանք է նաև այն տեսանկյունից, որ աղջկան բռնաբարողին դատարանը դատապարտել է ընդամենը 1 տարի 1 ամիս ազատազրկման, տեղեկացնում է «newsru.com»-ն:
Ավելացնենք, որ ըստ շարիաթի օրենքների նման դեպքերում տղամարդուն պատասխանատվության կանչելու համար պետք է կամ նա ինքը խոստովանի իր մեղքը, կամ էլ՝ նրա դեմ պետք է վկայություն տան 4 չափահաս տղամարդ: