Հայաստանում ծայր է առել աննախադեպ սոցիալական բողոքի ալիք, որն իր կենսունակությունն ապացուցեց մի քանի փոքր, բայց էական դրվագներով։ Բողոքի ալիքը կրում է տեղային, սոցիալական բնույթ, որը, իմ խորին համոզմամբ, այդպես էլ պիտի շարունակի մնալ ապաքաղաքականացված, քանի որ քաղաքական ուժերը բազմիցս իրենց անհաջող փորձով ապացուցել են իրենց անկենսունակությունը՝ դրսևորելով այնպիսի ամբիցիոզ նկրտումներ, ինպիսիք են բողոքի ակցիաներով իշխանության գալը կամ որոշակի իշխանական օղակների փոխանցումը ընդդիմադիր ուժերին:
Բողոքի ալիքը պետք է կենտրոնանա տեղային խնդիրների վրա՝ տրանսպորտի թանկացում, պարենային և առաջին անհրաժեշտության օգտագործման ապրանքների թանկացում: Խոշոր հաշվով՝ քաղաքային տրանսպորտի նոր գնի վերանայումը միայն Տարոն Մարգարյանի որոշելիքը չէր։
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունների կողմից վերանայվել է ներքաղաքական կուրսը, և կատարվել են որոշակի փոփոխություններ: Սոցիալական պայքարը պետք չէ խոշորացնել ինչ-որ քաղակական ուժերի մեջ, քանի որ ընդդիմադիր ուժերի ջրերն էլ մեկ առվով չեն հոսում, ու դրանցից որոշներ, օգտվելով առիթից, կարող են փորձել պղտոր ջրում ձուկ որսալ: Պայքարը պետք է լինի ապաքաղաքական, կրի խաղաղ բնույթ՝ չհրահրելով բախում ազգաբնակչության և ոստիկանության միջև: Ինչպես վերջին դեպքում, ընդվզման արդյունքում պետք է հասնել այն նպատակին, որը դրվել է, քանի որ վերջին դեպքերը հանդիսացան նախադեպ այդ գործելաոճի արդարացված լինելու հարցում:
Քաղաքական լուրջ ամբիցիաներ ունենալու համար դեռ վաղ է, քանի որ, ինչքանով ես եմ ճիշտ վերլուծում իրավիճակը, 22-ամյա Հայաստանում նոր նոր են ծլարձակում քաղաքացիական հասարակության սերմերը: Քաղաքացիական հասարակության ձևավորումը արհեստականորեն չպիտի արագացվի քաղաքական գործընթացներով՝ ծառայելով ինչ-որ քաղաքական ուժերի սեփական շահերին:
Սակայն չթերագնահատենք քաղաքական կուսակցությունների դերը, քանի որ հենց վերջին զանվածային քաղաքականացված ակցիաները ռեագենտ հանդիսացան սոցիալական ընդվզման ալիքի ձևավորման համար: Մեծ ալիքի ձևավորումն արտաքին լուրջ մարտահրավերների ֆոնին այնքան էլ նպատակահարմար չէ, և այդօրինակ խնդիրների լուծումը պետք է պահանջենք իշխանության միջին և ստորին օղակներից՝ վերին օղակներին թողնելով գլուխ հանել ԵՄ և Ռուսաստանի հետ խուճուճ հարաբերություններից։ Իսկ միջին և ստորին օղակների թույլ տարրերը, չկարողանալով լուծել տեղային խնդիրները, ինքնաբերաբար կենթարկվեն բնական ֆիլտրացիայի՝ իրենց տեղը զիջելով այն քաղաքական ուժերին ու անհատներին, ովքեր ի զորու են լուծել այդ հարցերը:
Ի վերջո, այդքան արագ ու հեշտ չի ձևավորվում պետության անկախ, գիտակից քաղաքացին ու քաղաքացիական հասարակությունը...
Գագիկ Մամուլյան