Lragir.am. Ամառն այս անգամ թեժ ստացվեց, թերեւս առաջին անգամ: Մինչ այս, Հայաստանի ընդդիմությունները մարդկանց խոստանում էին թեժ գարուններ ու աշուններ, իսկ ամռանը եւ ձմռանը հանգստանում էին, շոգի ու ցրտի պատճառաբանությամբ: Հայաստանի ընդդիմություններին ժամանակին դիպուկ գնահատական տրվեց՝ «սեզոնային»: Սակայն Հայաստանի քաղաքացիներն ապացուցեցին, որ կլիման կապ չունի հանրային իրավունքները պաշտպանելու գործում:
Երեւանում տեղի ունեցավ աննախադեպ բան: Չնայած բանդագուշանքներին՝ թե քաղաքացիական հասարակությունը մեռել է, Հայաստանի քաղաքացիներն իրականացրին վառ ու արդյունավետ ակցիա, ցուցաբերելով եղբայրության, համերաշխության օրինակներ, որոնք այդքան պակասում էին հանրությանը:
Երեւանում իսկական տոն էր, պայքարի, ինքզինքը արժեւորելու ու գիտակցելու տոն: Մի բան, որ բնորոշ չէր ընդդիմադիր կուսակցական պայքարներին: Ակցիային միացան տարբեր շերտերի, խավերի, քաղաքական նախասիրությունների տեր մարդիկ, եւ տեղի ունեցավ «հրաշքը»՝ Հայաստանում պատմության մեջ գուցե առաջին անգամ ձեւավորվեց սոցիալական շարժման հիմքը:
Նախկինում, համախմբումները տեղի էին ունենում ազգային խնդիրների շուրջ, որոնք ի վերջո ներքին կյանքում ռեժիմների ու քաղաքական ուժերի կողմից վեր էին ածվում շահարկումների եւ «իշխանության իրավունքի» հիմնավորումների ու լծակի, ճնշելով հանրային իրավունքների ողջ համալիրը:
Քաղաքացիական շարժումներն իրենց հետ բերեցին պայքարի նոր տեխնոլոգիաներ, կրեատիվ հնարքներ, որոնք բնորոշ չէին ընդդիմադիր պայքարներին: Սովորաբար, ընդդիմությունները դնում էին «գլոբալ» խնդիրներ ու պարտվում, քանի որ մեթոդների, ռեսուրսների ու տեխնոլոգիաների առումով զիջում էին իշխանությանը: Դա բնական էր, քանի որ իշխանությունը տիրապետում էր անհամեմատ մեծ ռեսուրսների: Քաղաքացիական շարժումներն, ի տարբերություն քաղաքական ուժերի, դնում են շատ կոնկրետ խնդիր, հստակ սահմանում դրա լուծման ուղիներն ու տեխնոլոգիական սխեման եւ ձեռնամուխ լինում լուծմանը:
Հաճախ ընդունված է ասել, թե նրանց դրած խնդիրը «փոքր» է եւ չի կարող որեւէ բան փոխել: Իրականում, այդ «փոքր» խնդիրների լուծումը համակարգային տեսակետից ունենում է շատ ավելի մեծ էֆեկտիվություն, քան «գլոբալ» խնդիրները, որոնք ըստ էության անհնար է լուծել ներկայիս համակարգի պայմաններում: Դա խոստովանում են իրենք՝ ընդդիմադիր ուժերը:
Գուցե առաջին հայացքից տարօրինակ է, սակայն Հայաստանում առաջինն իշխանությունն է զգացել քաղաքացիական շարժումների պոտենցիալն ու վտանգն իր համար: Եւ նույնքան էլ տարօրինակ է, որ քաղաքացիական շարժումների մեջ վտանգ են տեսել նաեւ ոչ իշխանական ուժերը: Թեեւ, խորքային առումով, ոչ իշխանական ուժերի պահվածքում զարմանալի ոչինչ չկար. Քաղաքացիական շարժումներն ակամա պատռում էին ընդդիմադիր պայքարների վերաբերյալ հանրային պարտադրված պատկերացումները, տեխնոլոգիաներն ու մոտիվացիան: Գրանցելով արդյունքներ, քաղաքացիական շարժումները փաստացի մարգինալացնում էին քաղաքական ուժերին, որոնք այս տարիների ընթացքում ընդունակ չեն եղել որեւէ նշանակալի արդյունք գրանցել հանրային-պետական կյանքի որեւէ ոլորտում:
Զուր չէ, որ քաղաքացիական շարժումների դեմ քաղաքական կուսակցությունները սկսեցին արշավ, փորձելով վարկաբեկել եւ կասկած սերմանել: Սակայն, եթե ինչ որ պահի այդ քարոզչությունն ինչ որ արդյունք տալիս էր, ապա հետագայում այն սպառեց իրեն: Ընդ որում, սպառեց նաեւ այն պատճառով, որ հանրությունը տեսավ՝ իշխանությունը եւ ոչ իշխանական ուժերն այս հարցում ունեն նույն մոտեցումը՝ ոչ իշխանական ուժերը քաղաքացիական շարժումները վերագրում էին իշխանությանը, վերջինս էլ «օգտվում» էր դրանից:
Վերջին օրերին Երեւանում ծավալված շարժումը ցույց տվեց նման քարոզչության սնանկությունը: Նախեւառաջ այն պատճառով, որ հանրությունն ազատվել է կեղծ ու պարտադրված պատկերացումներից, եւ նրա վրա այլեւս չեն ազդում նման հնարքները: Առաջին հերթին, ակտիվիստները ցույց տվեցին, որ կարեւոր չէ՝ ով ինչ է ասում ու ինչ է մտածում՝ կա խնդիր, եւ այն պետք է լուծել: Այս մոտեցման դեմ արդեն անզոր է որեւէ քարոզչություն:
Բացի այդ, ինչպես Պետրոս Ղազարյանն է նկատել, քաղաքացիական շարժումները գործում են ցանցային սխեմայով, որտեղ չկան լիդերներ, չկա ուղղորդվածություն, եւ ամեն մեկն իր գործն է անում: Նման սխեմայի պայմաններում արդեն որեւէ նշանակություն չունի՝ ով ինչ մոտիվացիայով է մտել դրա մեջ, կամ ինչ ուղղորդմամբ: Սա այնպիսի սխեմա է, երբ բոլորը լուծում են նույն խնդիրը: Խնդիրների լուծման այլ մեթոդներ աշխարհում պարզապես չկան, հեղափոխություններն էլ հաջողության են հասնում ցանցային սխեմայով:
Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ վերջին օրերի ակցիաներին լայն մասնակցություն ունեցան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, ինչը մեծապես պայմանավորեց գրանցված արդյունքը: Ի վերջո, քաղաքական ուժերն էլ են հասկանում, որ եթե շարունակեն իրենց նախորդ տարիների պահվածքը՝ ավելի են խորացնելու իրենց մարգինալացումը, որի մեջ, ի դեպ, քաղաքացիական շարժումները որեւէ մեղք չունեն: Բացի այդ, նրանք կարծես հասկացել են, որ հանրությանն իր խնդիրներն են հուզում, եւ որ հանրային խնդիրների լուծմանը մասնակցությունը պետք է լինի հավասարի սկզբունքով: Սա է իրականությունը, որից չի կարելի փախչել: Եթե քաղաքական ուժերը համարժեք չգտնվեն այս իրողությանը, «գլոբալ» խնդիրներն արդեն կձեւակերպեն եւ կլուծեն քաղաքացիական շարժումները:
Ներկայիս թեժ ամառն, այս տեսակետից, անգնահատելի դասեր ու փորձ է հանրության համար՝ սեփական խնդիրների լուծման իրական մեխանիզմների ու ճանապարհների տեսակետից: Այս ընթացքը կարող է հանգեցնել ամենակարեւորին՝ հանրային-պետական հիմնարար խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը եւ իշխանության ձեւավորմանը հանրության մասնակցության ապահովմանը, այսինքն՝ սահմանադրական կարգի հաստատմանը: Որից հանրությանը խնամքով հեռացրել է Հայաստանի քաղաքական-օլիգարխիկ համակարգը:
Հայկ Արամյան