ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Ստավրոպոլ երկրամասում ապրող հայ գործարարը, ով ողջ է մնացել մարդասպանի հարձակումից հետո, պնդում է, որ նրան կասկածում են իր ընտանիքի սպանության մեջ:
Լիսոգորսկում գործարար Խաչատուր Ղազարյանը կնոջ' Թամարայի հետ վերադարձել է տուն, որտեղ նախօրեին գիշերը մարդասպանը սպանել է նրանց երեխաներին: Հետաքննության հիմնական վարկածի համաձայն' հենց տղամարդն է եղել մարդասպանների թիրախը: Գործարարը, որը զբաղվում է խոշոր եղջերավոր անասունների բազմացմամբ, խոստովանել է, որ մարդասպանը իր երեխաներին պատահաբար է սպանել:
Ինչպես պնդում է մեկ գիշերում երկու զավակ կորցրած հայրը' նա թույլ է տվել 11-ամյա Լիաննային և 16-ամյա Արսենին քնել հյուրասենյակում, քանի որ նրանք ցանկացել են հեռուստացույց դիտել: Ընտանիքի հայրը արթնացել է միայն այն ժամանակ, երբ նրան արթնացրել է վիրավորված կինը:
Արյունոտ դեմքով կինը վազել է սենյակ ու գոռացել, որ երեխաները սպանված են: Խաչատուրը մտել է հյուրասենյակ, որտեղ սովորաբար քնել է նա, և չի հավատացել աչքերին' բազմոցին պառկած են եղել իր երեխաները' ավազակային գնդակներից ծակծկված:
-Երեխաները քնել են բազմոցին, որտեղ սովորաբար ես եմ քնում, իսկ ես քնել եմ նրանց ննջասենյակում: Աղջիկս խնդրեց, որպեսզի ես գնամ այնտեղ քնեմ, իսկ նա և Արսենը հեռուստացույց կդիտեն,- պատմել է Խաչատուր Ղազարյանը:- Համոզեց ինձ, և ահա ինչ ստացվեց:
Գործարարի խոսքերով' նրան են համարում սեփական երեխաների սպանության մեջ գլխավոր կասկածյալ: Փորձագետները նրա մաշկից նմուշներ են վերցրել, որպեսզի ստուգեն վառոդի առկայությունը:
Հիշեցնենք, որ այս արյունալի դեպքը գրանցվել էր այսօր վաղ առավոտյան Լիսոգորսկ գյուղում: Դիմակավորված վարձու մարդասպանը մտել էր Ղազարյանների տուն և ուղիղ գլխին կրակելով սպանել 16-ամյա Արսենին և 11-ամյա Լիաննային: Աղջիկը մահացել էր տեղում, իսկ Արսենը' հիվանդանոցում:
Ծանր վիրավորվել էր նաև ընտանիքի մայրը' Թամարա Ղազարյանը: Գնդակը դիպել էր նրա ծնոտին և մնացել ատամի մեջ: Վերքը մշակելուց հետո կնոջը տուն են թողել:
Թարգմ.՝ Տաթեւ Ֆռանգյանի
Տեսանյութ՝ http://lifenews.ru/news/116991