Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ սյունեցիները համախմբվելու են ու պահանջելու են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեն: Նա ասել է, որ անձամբ ինքը եւ մի քանի պատասխանատու եւ պատվախնդիր սյունեցիներ համախմբվել են, որպեսզի «Սյունիքի պատմության աղբանոցը նետեն լիսկայությունը»:

Սամվել Հարությունյանի հետ հարցազրույցը նաեւ հետաքրքիր մի շարք բացահայտումներ է պարունակում, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը շարունակում մնալ մի քանի պատասխանատու պաշտոններում: Գորիսի նախկին քաղաքապետի հարցազրույցը ԳԱԼԱ-ն ներկայացնում է ամբողջությամբ, բայց հատվածաբար:

-Պարոն Հարությունյան, Սյունիքի մարզպետի փոփոխությունից հետո Սյունիքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում: Վախի մթնոլորտը Սյունիքում հաղթահարվա՞ծ է:

- Սյունիքում բարեբախտաբար վերջին երկու ամիսներին դրական փոփոխություններ ենք նկատում, եւ ես տեսնում եմ, որ դանակը իրոք ոսկորին էր հասել, եւ Սյունիքի վճռորոշ զանգվածը իր պատմական առաքելությունը պիտի կատարի: Իրոք որ փոփոխություններ կան, եւ վախի, սարսափի մթնոլորտը որոշակիորեն իր տեղը զիջում է: Ես բավարարված չեմ անշուշտ, որովհետեւ հունիսմեկյան սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո միանգամից մեր ժողովուրդը, մասնավորապես Գորիսի քաղաքացիները պիտի ոտքի կանգնեին, բայց այն ժամանակ դեռ վախի մթնոլորտը զգալի էր: Հիմա այդ մթնոլորտը փոխվել է, եւ մոտ ապագայում Դուք բոլորդ կտեսնեք, որ տխրահռչակ Լիսկան եւ իր ավազակախումբը ըստ էության պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

-Դուք ինչի՞ց ելնելով եք նման հայտարարություն անում, Սյունիքում շարժու՞մ է ձեւավորվում:

-Ես ուղղակի համոզված եմ, որ ՀՀ մտահոգ, պատասխանատվության զգացումով առաջնորդվող եւ վճռական եւ հանդուգն քաղաքացիների համախմբման միջոցով շատ շուտով մի հուժկու ալիք կբարձրանա: Ըստ էության, Գորիսում ազգային ազատագրական պայքարի ալիք է բարձրանալու, եւ Լիսկան ու իր բանդայի բոլոր անդամները, ընդհանրապես լիսկայությունը՝ որպես երեւույթ, կնետենք Սյունիքի պատմության աղբանոցը: Մասնավորապես ինքս Սյունիքի շատ լուրջ անհատականությունների հետ միասին համապատասխան քայլեր եմ մտադիր ձեռնարկել, եւ նախապատրաստվում ենք, որ առաջիկայում Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսից մինչեւ Սիսիան, Քաջարան եւ ամենուր անցկացնում ենք զանգվածային միջոցառումներ, եւ վերջապես մեր ժողովուրդը պիտի կարողանա ստանձնել իր որոշիչ դերակատարությունը, ինչպես դարեր շարունակ է եղել եւ 1988-ին: Այդ համոզմունքը ես ունեմ:

-Այսինքն,պահանջելու՞ եք, որ քրեական պատասխանատվության ենթարկեն Սուրիկ Խաչատրյանին, ըստ էության ո՞րն է լինելու Ձեր պահանջը:

-Այո, իհարկե, ցանկացած երկրի Սահմանադրության մեջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էլ է այդպես սահմանում, եւ իշխանության միակ աղբյուրը պետք է լինի հայ ժողովուրդը ոչ միայն ընտրությունների միջոցով, այլ հանրահավաքների եւ զանգվածային միջոցառումների միջոցով: Ժողովուրդը պետք է պահանջի եւ պարտադրի, որ հասնի արդարության... Քանի որ իրավապահները ապացուցում են, որ

Հայաստանում մեր ժողովուրդը ոստիկանություն չունի, դատախազություն չունի եւ Ազգային անվտանգության ծառայություն էլ չունի: Մեր իրավապահները վաղուց ապացուցել են, որ իրենք իշխանության գործիքներն են ընդամենը: Եւ միայն խեղճ ու կրակ մարդիկ պիտի լինեն, որ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցեն եւ նրանց տարիներով զնդանեն: Մենք տեսնում ենք՝ երբեմն-երբեմն հայտարարում են, որ հարյուր դոլարի համար այսինչյան այնինչին դատապարտում են: Ես հիմա հայտարարում եմ, որ Լիսկան անցած տարիների ընթացքում, զավթելով իշխանությունը, հովանավորվելով բարձր ղեկավարներից, ավելի քան 200 մլն դոլար է գրպանել, յուրացրել եւ գողացել մեր պետությունից եւ մեր ժողովրդից: Ես կարող եմ բերել մի քանի տասնյակ փաստեր: Այսօր էլ եմ բերում մի շարք փաստեր, եւ իրավապահ մարմինների ղեկավարները բերանները ջուրը առած սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին ու կարգադրությանը: Իսկ հրահանգ կամ չի եղել, կամ էլ չի լինելու:

Շարունակելի...

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի