Lragir.am. Մոսկվայի շուկաներում երկօրյա «մաքրումների» արդյունքում ձերբակալվել է 470 մարդ: Այդ տվյալը հրապարակել է ՌԻԱ Նովոստին: Օրերս էլ համացանցում տեղեկայվել են հոլովակներ, որտեղ ռուսաստանցի ազգայնական երիտասարդները շրջում են քաղաքով եւ բավական ագրեսիվ ու նվաստացուցիչ վերաբերմունք դրսեւորում եկվոր առեւտրականների հանդեպ, ովքեր առանց օրինական գրանցման գործունեություն են ծավալում:
Պատկերն իսկապես վրդովեցուցիչ է, բայց արժե դրան նայել մեկ այլ տեսանկյունից: Ռուսաստանում աշխատող միգրանտների մի հսկա մասը՝ այդ թվում Հայաստանից մեկնածները, աշխատում են ապօրինի, չգրանցված, հարկեր չվճարելով: Եթե մի կողմ թողնենք նրանց հանդեպ ազգայնական կոչվող ռուսաստանցիների վերաբերմունքի ձեւը, բովանդակության իմաստով կարծես թե չի կարող վեճ լինել, եթե երկրում պայքարում են ապօրինի միգրանտների եւ անօրինական աշխատանքային գործունեության դեմ:
Այստեղ վիճակը իսկապես հետաքրքիր է: Այդ անօրինականությունը Ռուսաստանի համար լուրջ խնդիր է եւ, վաղ թե ուշ, ռուսաստանցիներն իշխանությունից պահանջելու են լուծել այդ հարցը: Այդ հարցի լուծումը նշանակում է Ռուսաստանում աշխատանքային պայմանների խստացում, կամ այլ կերպ ասած՝ օրենքի գործունեություն: Երբ Ռուսաստանում սկսեց գործել օրենքը, ապա այդ երկիրը միանգամից կարող է անհրապույր դառնալ աշխատանքային հարյուր հազարավոր միգրանտների, այդ թվում հայաստանցիների համար, որոնք այնտեղ աշխատելով այստեղ պահում են իրենց ընտանիքը:
Օրինական աշխատանքային գործունեությունը ենթադրելու է շատ իրավական պարտավորություններ տվյալ պետության ու հասարակության առաջ, ինչը բնականաբար տեղի է ունենալու միգրանտի եկամուտների հաշվին:
Ստացվում է յուրօրինակ փակ շրջան՝ եթե Ռուսաստանը դառնում է օրենքի երկիր, այն կորցնում է իր «համեմատական առավելությունները» աշխատանքային միգրանտների շրջանում: Եթե Ռուսաստանը չի դառնում օրենքի երկիր, այն կորցնում է մրցունակ պետություն դառնալու եւ իր հսկայական ռեսուրսները արդյունավետ օգտագործելու հնարավորությունը եւ հայտնվում քաղաքակրթական ստագնացիայի ռեժիմում:
Այդպիսով, Ռուսաստանի առաջ աշխատանքային միգրացիայի խնդիրը շատ սուր է դրված անկախ այն վերաբերմունքից, որ Ռուսաստանը դրսեւորում է միգրանտներ «մատակարարող» հանրապետությունների հանդեպ: Ի վերջո, Ռուսաստանը չի կարող այդ հանրապետություններին աշխատատեղով ապահովել իր ճակատագրի հաշվին: Իսկ ներկայում հենց այդպես էլ կա: Այսինքն, պետք չէ միգրանտների հանդեպ ռուսաստանյան հասարակության տարբեր շրջանակների վերաբերմունքը պայմանավորել զուտ ազգայնական, կամ այս կամ այն հանրապետությանը պատժելու տրամաբանությամբ:
Ռուսաստանի համար այստեղ իսկապես կա խնդիր, եւ այդ խնդիրը ժամանակ առ ժամանակ, եւ ժամանակի ընթացքում ավելի հաճախ վեր է հառնելու եւ դրսեւորվելու է: Իսկ քանի որ Ռուսաստանը օրենքի երկիր չէ, իրավական պետություն չէ, այդ դրսեւորումները բնականաբար ունենալու են այնպիսի գրեթե վայրի բնույթ, ինչպիսին տեսնում ենք համացանցում տարածված տեսանյութերում:
Այդ խնդիրը պետք է լրջորեն հաշվի առնեն այն հանրապետությունները, որոնք աշխատանքային միգրանտներ են «մատակարարում» Ռուսաստան: Մտածել, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերություն պահելը այդ միգրանտների համար նպաստավոր պայմանների եւ հետեւաբար միլիարդների տրանսֆերտների երաշխիք է՝ հավասարազոր է չմտածելուն: Ռուսաստանի հետ լավ հարաբերությունը որեւէ բանի երաշխիք չէ, որովհետեւ Ռուսաստանը ներկայում գոյության կռիվ տվող պետություն է, եւ այդ կռիվը առաջին հերթին հենց իր ներսում է: Միգրանտների խնդիրն այդ կռվի կարեւոր «ճակատներից» մեկն է, որի ուղղությամբ տակտիկական գրոհներն ամենայն հավանականությամբ դեռ միայն սկիզբն են, եւ ճակատը վաղ թե ուշ դառնալու է հիմնականներից մեկը, կամ Ռուսաստանն է կապիտուլյացվելու իր խնդիրների առաջ:
Բայց, այդ մասին կմտածեն միայն այն հանրապետությունները, որտեղ իշխանությունը պատասխանատվություն է զգում սեփական քաղաքացու առաջ: Հայաստանում այդ պատասխանատվության հարցը մեղմ ասած կասկածելի է, եւ այստեղ կարող են մտածել, որ աշխատանքային միգրանտների փրկության գործը հենց իրենց՝ խեղդվողների ձեռքի գործն է:
Բայց, եթե նրանք «խեղդվեն», ապա պակասելու է նաեւ Հայաստանի տնտեսության թթվածինը, որովհետեւ այն գալիս է նաեւ տրանսֆերտների խողովակով: Տրանսֆերտները կարող են իհարկե չգալ, իսկ իշխանությունն ինչ որ ելք գտնել: Բայց եթե այդ ելքը Հայաստանում առաջարկվող եւ համեմատաբար արժանապատիվ վարձատրվող աշխատատեղերը չլինեն, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները որոշեն փրկվել Հայաստանում: Այդ իրավիճակում դժվար է ասել, թե ինչը կփրկի Հայաստանի իշխանությանը:
Ջեյմս Հակոբյան