«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հարգելի՛ անդամներ,

տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը:

Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:
Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ:

Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է:

Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել:

Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:

Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան