Ուսման վարձի թանկացման դեմ պայքարող ուսանողները օգոստոսի 12-ին բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի դիմաց:
Նախաձեռնության կազմակերպիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանը irakan.info-ի հետ զրույցում ասաց, որ շատ ծնողներ են նախաձեռնությանը միանալու ցանկություն հայտնել: Նամակ կուղարկվի նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին. մինչ այժմ միայն Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին է նամակ ուղարկվել, որը, սակայն, մնացել է անպատասխան: Արդեն ուսումնական տարում բողոքը կշարունակվի դասադուլների, նստացույցերի և այլ ակցիաների տեսքով:
Հ.Մկրտչյանը նշեց նաև, որ իրավական տեսանկյունից նույնպես սխալ է վարձավճարների աճը. նախարարը բավարարել է իրեն դիմած ռեկտորների խնդրանքը, իսկ բուհերի կառավարման խորհուրդները համապատասխան նիստեր չեն գումարել և չեն քննարկել հարցը: Հ.Մկրտչյանը, ով նշեց, որ որևէ կուսակցության չի անդամակցում, հատկանշական է համարում այն փաստը, որ ուսման վարձի թանկացումը հաջորդեց ընտրություններին և նախորդեց քննություններին, ինչի պատճառով ուսանողները դուրս չեկան պայքարի:
Հրանտ Գալստյան