ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերլուծական բաժինը Ագրարային համալսարանի ուսանողների հետ հարցախույզ է անցկացրել սպառողների և սեփական մթերքը վաճառող գյուղացիների շրջանում ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի շուրջ նրանց վերաբերմունքը պարզելու նպատակով: Հարցերն ունեցել են 3 հիմնական թիրախներ.
1. Գյուղմթերք արտադրող սուբյեկտների և շուկայի այցելուների վերաբերմունքը տոնավաճառի վերաբացման վերաբերյալ։
2. Տոնավաճառի ընդհանուր հարմարավետությունը, սանիտարահիգիենիկ վիճակը, տեխնիկական պայմանները։
3. Գնային քաղաքականություն, գյուղմթերքի առաջարկ և պահանջարկ։
Գյուղմթերք արտադրողները, ովքեր հնարավորություն էին ստացել իրենց ապրանքն իրացնելու առանց միջնորդների, առանց բացառության իրենց գոհունակությունն էին հայտնում տոնավաճառի կազմակերպիչներին։ Հարցմանը մասնակցած այցելուների մոտ 80 տոկոսը գոհ էր շուկայի դիրքից, գյուղացիների հետ ուղիղ շփվելու հնարավորությունից՝ նշելով ոչ միայն հարցի տնտեսական կողմը, այլեւ այն հանգամանքը, որ բացի գնումներ կատարելուց իրենք շփվում եւ զրուցում են տարբեր մարզերից ժամանած գյուղացիների հետ՝ սա համարելով գյուղի եւ քաղաքի ավանդական քաղաքակրթական կապի վերականգնում, որով երկուստեք հարստանում են։
Հարցված գնորդները նշում էին, որ չնայած լավագույն սանիտարահիգիենիկ պայմանները ստեղծված են սուպերմարկետներում, սակայն գյուղմթերքի թարմության տեսակետից գերադասելի է շուկան։ Իսկ այս տոնավաճառում առեւտուր անելը հարմարավետ է, ապահովված են սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմանները եւ կա պատշաճ վերահսկողություն: Բոլոր վաճառողներն անխտիր նշում էին, որ գյուղմթերքի տոնավաճառում տաղավարները, կշեռքները, արտահագուստը տրվում է անվճար, եւ իրենք գոհ են, որ գյուղացուց գումար չեն գանձում շուկայում առեւտուր անելու համար։
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, այցելուների գրեթե 30 տոկոսը բողոքում էր, որ գները քիչ են տարբերվում միջին շուկայականից։ Իսկ վաճառողները նույն հարցմանն ի պատասխան նշում էին, որ իրենք մեծ շահույթ չեն հետապնդում եւ այդ գներով փորձում են արդարացնել այն ներդրումները, որոնք կատարվել են այդ բերք ու բարիքի ստեղծման համար։ Հատկապես գնային քաղաքականության խնդրով մարդիկ հնարավորություն ունեին իրենց հարցերն անմիջապես ուղղել տոնավաճառում գրեթե 5 ժամ անցկացրած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ով իրեն դիմած քաղաքացիներին պատասխանել է. «Գյուղատնտեսության նախարարությունն այստեղ գին թելադրել չի կարող։ Մենք ստեղծել ենք այն հարմարավետ պայմանները, որտեղ գյուղացին ու քաղաքացին հանդիպում են միմյանց՝ առանց միջնորդների։ Գյուղացու շահը թանկ վաճառելն է, ձերը՝ էժան գնելը։ Այստեղ նաեւ սակարկելու խնդիր կա։ Երկու կողմերն էլ պետք է փորձեն ճկուն լինել եւ համադրել, ոչ թե՝ հակադրել շահերը»։
Հարցումները ցույց տվեցին, որ մասնակցության առումով ամենաակտիվն էին Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարարատի մարզերը։
Հիշեցնենք, որ Կասյան փողոցում վերաբացված տոնավաճառը կաշխատի մինչեւ տարեվերջ։
ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին