Galatv.am. Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքը դարձավ քննարկման առարկա հանրության, ռազմական փորձագետների, քաղաքագետների կողմից, որոնց մի մասը դրան վերաբերվեցին որպես նորմալ և ոչ վտանգավոր երևույթի, մյուս մասը գտան, որ «Սմերչի» վաճառքը ոչ միայն վտանգավոր է Հայաստանի համար, այլ նաև նվաստացուցիչ, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը տրորում է վերջինիս և հաշվի չի առնում նրա շահերը:

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, ով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մեջ երկու խնդիր է տեսնում. նախ և առաջ հենց բուն խնդիրը, այն է' Ադրբեջանը ձեռք է բերել զենք, և երկրորդ, որ դա դարձել է հասարակական քննարկումների առարկա, ինչը քաղաքագետի կարծիքով ունի որոշակի քաղաքական պատճառներ:

Իսկանդարյանը ընդունում է, որ Ադրբեջանը ունի զենք և ոչ քիչ քանակությամբ, որ մեծ է նաև այն զենքի չափաբաժինը, որ նա գնել է Ռուսաստանից: «Եթե անկեղծ լինենք, իմ անձնական ուսումնասիրությունները ինձ իրավունք են տալիս մտածելու, որ խոսքն այս դեպքում ոչ թե մեկ միլիարդ դոլարի զենքի մասին է, այլ ավելի շատ գումարի, սակայն ո՞վ զենք չի գնում Ռուսաստանից, գրեթե բոլոր երկրներն էլ որոշ բացառություններով հենց Ռուսաստանից են գնում զենքը, այդ թվում նաև Հայաստանը և Ադրբեջանը»,- ասում է Իսկանդարյանը և նկատում, որ կարիք չկա նեղանալու, որ Ադրբեջանը զենք է գնել Ռուսաստանից:

Քաղաքագետը նշում է, որ վերջին մոտ տասը տարիների ընթացքում, երբ կտրուկ բարձրացել է նավթի գինը, իրավիճակը փոխվել է, և Ադրբեջանը ունի բավականաչափ գումար զենք գնելու համար: Նա մեկնաբանում է, որ Ադրբեջանը գնում է զենք, իսկ Հայաստանը, մեղմ ասած, այն ստանում է շատ ավելի շահավետ գնով:

Իսկ առհասարակ, պարոն Իսկանդարյանը նկատում է, որ այսպիսի «վարքագիծը» բնորոշ է Ռուսաստանի քաղաքականությանը: Վերջինս ցանկանում է հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում, սակայն ոչ նրա համար, որ շատ բարի է, սիրում է ադրբեջանցիներին կամ էլ հայերին, այլ ուղղակի նրան ձեռնտու է այդպիսի իրավիճակը: Եթե Ռուսաստանը տարածաշրջանում թույլ տա հավասարակշռության խախտում, ապա կմեծանա ռիսկի գործոնը, որ նրա վերահսկողությունը և ազդեցությունը կթուլանա այստեղ: Ուստի Ռուսաստանը կոնֆլիկտներ է ստեղծում մեր տարածաշրջանում: Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ ոչ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունը, ոչ խաղաղության հաստատումը, քանի որ եթե խաղաղություն հաստատվի երկու երկրների միջև, եթե ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որը կգոհացնի երկու կողմերին էլ, ապա տարածաշրջանի երկրներից ոչ մեկն այդքան անվտանգության երաշխիքների անհրաժեշտություն, զենքի կարիք չի ունենա, որը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանի պահանջարկը և ազդեցությունը կտրուկ կընկնի: Մյուս կողմից, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ լինի, բնական է, որ դրա արդյունքում պիտի կողմերից մեկը հաղթի, և դարձյալ Ռուսաստանը դրանցից ոչ մեկին այլևս պետք չի լինի:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում զենքի վաճառքի հետ կապված բուռն քննարկումներին, ապա քաղաքագետը նկատում է, որ եթե հասարակ մարդիկ և անգամ լրագրողները զենքի վաճառքի մասին իմացել են նոր, ապա խնդրին մոտ կանգնած շատ մարդիկ, այդ թվում նաև բազմաթիվ քաղաքագետներ, փորձագետներ, պաշտոնյաներ դրա մասին իմացել են դեռևս 2010-2011 թվականներին, այդ դեպքում ինչո՞ւ են որոշել խոսել ու իրենց անհանգստությունը արտահայտել հիմա:

Քաղաքագետը սրանում տեսնում է մարդկանց՝ ոչ թե հենց բուն զենքի վաճառքի հետ կապված անհանգստությունը, այլ երկրի ներքաղաքական լարված վիճակը: Նա գտնում է, որ այս բողոքի պատճառները պետք է փնտրել օրինակ խորհրդարանական, նախագահական, Երևանի քաղաքապետի ընտրություններում: Նա կարծում է, որ իրավիճակում, երբ քաղաքական բոլոր հարթակները, այսպես ասած, արդեն զբաղված են և երբ հնչեցնել կարելի է որոշակի կարծիք, սակայն այն որևէ բան փոխելու ի զորու չէ, ապա ցանկացած երևույթ դառնում է այդ կուտակված բողոքն արտահայտելու առիթ:

Բացի այդ, պարոն Իսկանդարյանը գտնում է, որ Հայաստանում մենք ականատես ենք լինում ոչ թե քննարկման, որն ընթանում է փորձագետների և առհասարակ մասնագետների միջև, այլ քննարկման, որի հիմքում ընկած են որոշակի քաղաքական դիրքորոշումներ: Այսպիսի կերպով են ընթանում նաև քննարկումները Հայաստանի' ասոցացման համաձայնագրի և դեպի Ռուսաստան կողմնորոշման հետ կապված հարցի շուրջ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ զարգանալու համար Հայաստանին ձեռնտու է Եվրոպան, իսկ անվտանգության ապահովման տեսանկյունից Հայաստանի համար ձեռնտու է վերջինիս' դեպի Ռուսաստան կողմնորոշումը:

Իսկ անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական տեսակի զինամթերք, Իսկանդարյանը ասում է, որ բնական է, որ Ադրբեջանը պիտի գնի հարձակողական տեսակի զինամթերք, քանի որ տարիներ առաջ մենք արդեն հաղթել ենք և հիմա պահպանում ենք այն, ինչ ձեռք ենք բերել կռվի արդյունքում, ուստի Ադրբեջանը մտավախություն չունի, որ Հայաստանը պիտի հարձակվի, օրինակ, Բաքվի վրա: Իսկ Ադրբեջանը ունի հարձակողական նպատակներ և եթե անգամ վերջինս պաշտպանողական տեսակի զինամթերք է ձեռք բերում, ապա դա իր հարձակողական ծրագրի մի մասն է կազմում:

Անդրադառնալով Արցախի և Հայաստանի քաղաքականությանը՝ Իսկանդարյանը նշում է, որ վերջիններս վարում են այնպիսի քաղաքականություն, որ պատերազմ չսկսվի, քանի որ արդեն իրենք հաղթել են պատերազմում, ուստի փորձում են լինել այնքան ուժեղ և այնքան լավ պաշտպանվել, որ այն չսկսվի: Եվ այս պարագայում բնական է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինատեսակները պիտի լինեն տարբեր:

Արաքս Մամուլյան