Սեպտեմբերին Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի միջև ծրագրված հանդիպումը չեղյալ հայտարարելու Վաշինգտոնի որոշումը պայմանավորված է ոչ միայն Մոսկվայի կողմից Էդուարդ Սնոուդենին ապաստան տալու հանգամանքի հետ, այլև ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա այլ խնդիրներով, գրում է Associated Press-ը՝ հղում կատարելով օգոստոսի 9-ին Օբամայի կողմից արված հայտարարությանը:

Օբամայի խոսքերով՝ վերջին ամիսների ընթացքում երկկողմ հարաբերություններում առանցքային հարցերի շուրջ նկատվում են մի շարք աճող հակասություններ, որոնց թվում՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման և մարդու իրավունքների պահպանման հարցերի շուրջ:

Օբաման նշել է, որ երկկողմ հարաբերություններում նկատվող առաջընթացը գրանցվել էր դեռևս նախագահ Դմիտրի Մեդվեդևի օրոք, իսկ Վլադիմիր Պուտինի 2-րդ նախագահական ժամկետի ընթացքում ՌԴ-ում խստացել է հակաամերիկյան հռետորիկան: Ամեն դեպքում, Օբաման նշել է, որ խոսել այն մասին, թե իր հարաբերությունները Պուտինի հետ վատացել են, կոռեկտ չէ: