«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում երևանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի և ՀՀ հարավային սահմանամերձ տարածքներ՝ տեսակցելու իրենց զավակներին: Ծրագրում ներառված են սոցիալապես անապահով ընտանիքները:
Զորամասեր զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած այցերը կազմակերպվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ:
Ավտոբուսները մեկնել են օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից: Նախքան մեկնումը պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են այցը կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումների մասին: Նշվել է նաև, որ ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները:
Տարոն Մարգարյանը, անձամբ շրջելով ավտոբուսներում, ծանոթանացել է ծնողների մեկնման համար ապահովված պայմաններին և վստահեցրել, որ նման այցելությունների կազմակերպումը քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական:
«Երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր արդեն ավանդույթ են դարձել:
Կազմակերպչական բոլոր աշխատանքները, այդ թվում նաև անհրաժեշտ սննունդն ու գիշերակացի տրամադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ճանապարհային ոստիկանության և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները ևս ներգրավված են ավանդական այս ակցիային: Յուրաքանչյուր ավտոբուսում ծնողներին ուղեկցում են բժիշկներն ու սոցիալական աշխատողները: Աշխատանքային մյուս խումբն արդեն զորամասերում է և պատրաստ դիմավորելու ժամանողներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հատկանշելով ծրագրի կարևորությունն ու շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար՝ ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին գնահատել են ցուցաբերվող վերաբերմունքն ու հատուկ ուշադրությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն