Երեկ գիշերը ժամը 1:00-1:30 ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի շենքին են մոտենում երկու հոգի: Այդ պահին քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներից մեկը' Միհրան Մելքոնյանը, սկսում է նկարահանել, և նրանցից մեկը հարվածում է երիտասարդին: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդ Վահագն Մինասյանը:
«Հետո լեզվակռիվ է գնացել, որից հետո միայն ոստիկանները այդ երկու անձանց բարձրացրել մտցրել են քաղաքապետարանի շենք: Միհրանը զանգահարել է ոստիկանություն. «Որ հայտնենք՝ նման դեպք է եղել. ոստիկանության աշխատակիցները մոտ 40-45 րոպե հետո նոր եկան: Հարցրեցին միջադեպի եղելությունը, այնուհետև ոստիկանները մտան քաղաքապետարան: Հետո այդ երկու անձանց հետ և Միհրան Մելքոնյանի հետ գնացին ոստիկանական բաժանմունք' հայտարարություն տալու համար»,- պատմել է Վահագն Մինասյանը:
Ի դեպ, Միհրան Մելքոնյանին հարվածելու պահը երիտասարդները նկարահանել են:
Վահագն Մինասյանը նաև տեղեկացրել է, որ Միհրան Մելքոնյանին հարվածելը ոստիկանները տեսել են, սակայն նրանք միջոցներ չեն ձեռնարկել դա կանխելու համար և միայն վիճաբանության ժամանակ են մոտեցել նրանց:
«Իրենք անգործություն են ցուցաբերել: Ոստիկանների աչքի առջև է եղել այդ միջադեպը. նրանք կանգնած էին աստիճանների վրա և, ինչպես միշտ, հերթապահում էին: Ուղղակի նրանք եկան ոչ թե մեզ, այլ մեզնից պաշտպանելու համար, այդ երկուսին մտցրեցին քաղաքապետարան: Չնայած մենք բռնի ուժի կողմնակից չենք, բայց այդ ոստիկանները կոչված են քաղաքապետարանի մուտքը մեզնից պահելու, ոչ թե հասարակական կարգը պահելու, կամ մեր անվտանգությունը հսկելու համար, դա ակնհայտ երեկ երևաց: Այդ միջադեպից հետո անմիջապես բարձրացանք նստեցինք աստիճանների վրա, իսկ ոստիկանները փորձում էին թույլ չտալ և պահանջում էին մեզ իջնել: Այդ պահին այդ ուժերի հրամանատարն էլ ասում էր' հիմա ի՞նչ, զանգեմ նոր ստորաբաժանում կանչեմ, որ գան ձեզ իջեցնեն, ասեցի՝ ինչ ուզում եք արեք, չենք իջնելու, մինչև չիմանանք ինչպես ավարտվեց այդ ամենը»,- ասել է Վահագն Մինասյանը:
Երիտասարդներին մոտեցած երկու անձանցից մեկը, Վահագն Մինասյանի խոսքով, ամենայն հավանականությամբ քաղաքապետարանի օպերատորներից էր, քանի որ նրան հաճախ են նկատել իրենց հետ տեղի ունեցած տարբեր միջադեպերի ժամանակ նկարահանումներ իրականացնելիս, իսկ Միհրան Մելքոնյանին հարվածողին չեն ճանաչում, սակայն իրենց ունեցած տեղեկություններով՝ դա քաղաքապետարանի աշխատակիցներից է, քանի որ այդ ժամին դժվար թե կողմնակի մարդ փորձեր մտնել քաղաքապետարան:
Լիլիթ Թադևոսյան