ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ, ադրբեջանա-ռուսական միջպետական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Յաղուբ Էյուբովը մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ:

Պուտինն արդեն հանդիպում է ունեցել նախագահ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է APA ադրբեջանական գործակալությունը, հանդիպման ընթացքում Ալիևը, անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին, նշել է. «Մեր հարաբերությունները դինամիկ, դրական և հաջող են զարգանում: Երկկողմ հարաբերությունները ներգրավում են ամենատարբեր ոլորտներ: Մենք այսօր քննարկելու ենք և երկկողմ օրակարգային և տարածաշրջանային հարցեր: Ես վսռահ եմ, որ այցից հետո մեր միջև դրական դինամիկ զարգացումները կշարունակվեն»:

Ըստ լրատվականի՝ իր հերթին Պուտինը կարևորել է հումանիտար ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: «Ես գիտեմ, որ այստեղ դուք նաև ձեր սեփական նախաձեռնություններն ունեք: Մենք դա այսօր կքննարկենք: Ինձ հետ նախարարների մեծ թիմ է եկել. մեր հիմնական համագործակցության ոլորտներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ աշխատանքը կլինի բովանդակային, մեծ, հետաքրքիր և շատ շահավետ»,- ասել է Պուտինը: