Lragir.am. Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե ինչն է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից մեկին բերման ենթարկելու պատճառը: Պարզվում է, որ նա ինչ որ խնդիրներ ունի դատապարտված լինելու, համաներմամբ ազատ արձակված լինելու, Լոռիի, թե Սպիտակի ոստիկանությունում գրանցված լինելու, սակայն այնտեղ չգտնվելու եւ հետախուզման մեջ լինելու առումով: Հավանաբար քաղաքացին կտա իրավիճակի իր պարզաբանումը, կամ կտան իրավաբանները, ովքեր կզբաղվեն նրա պաշտպանությամբ:
Ենթադրենք, որ նրան բերման են ենթարկել միանգամայն իրավացիորեն, որովհետեւ նա խնդիրներ է ունեցել օրենքի կամ իրավունքի հետ: Ենթադրենք:
Քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել քաղաքապետարանի դիմաց, արժե չհեռանալ այնտեղից ու հարց տալ՝ իսկ ինչի հետ են խնդիրներ ունեցել այն ոստիկանները, ովքեր գիշերը հերթապահել են քաղաքապետարանի դիմաց: Խոսքն այն գիշերվա մասին է, որի մասին պատմող տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեսանյութում երեւում է, որ քաղաքապետարանի չինովնիկներից մեկը գիշերը եկել է քաղաքապետարան եւ հարվածում է իրեն նկարահանող օպերատորին: Ոստիկաններն այդ ամենին հետեւում են եւ ընդամենը այսպես ասած «բաժանում», ինչպես թաղի տղերքի մի մասը բաժանում է, երբ մյուս մասը կռվում է իրար հետ: Այսինքն, ոստիկանն ընդամենը թաղի «բաժանող տղայի» գործառույթ է իրականացնում:
Մի դեպքում, ոստիկանությունը հղում է անում օրենքին ու բերման ենթարկում իբր դրա հետ խնդիր ունեցվող քաղաքացուն, մյուս դեպքում ոստիկանությունը օրենքի հետ ակնհայտ խնդրի պարագայում՝ մեկը հարվածում է մյուսին, իսկ հարված ստացողը ոստիկանին է դիմում դեպքի առիթով, ոստիկանները կատարում են ընդամենը «բաժանողի» աշխատանք, իսկ մի գնդապետ էլ մի քանի րոպե անց հայտարարում է, թե ինքը ոչ մի հարված էլ չի տեսել:
Գնդապետը գուցե եւ չի տեսել, այդ մասին պետք է մտածի ոստիկանության բժշկական հանձնաժողովը, որովհետեւ տեսողության հետ խնդիր ունեցող գնդապետների առկայությունը համակարգում կազդի ոստիկանության արդյունավետության վրա: Բայց հասարակությունը հո տեսել է, թե ինչպես է գնդապետը գտնվել այն վայրում, որտեղ չինովնիկը հարվածել է քաղաքացուն: «Բաժանող» ոստիկանները հո տեսել են, թե ինչպես է չինովնիկը հարվածել:
Ուրեմն, ինչ պետք է անի ոստիկանն այդ դեպքում, հատկապես երբ քաղաքացին նրան տեղում բողոքում է, որ եղել է հարված:
«Տղերք, իմացեք, հետդարձ չկա, մենք դատապարտված ենք աճել ու զարգանալ», մի քանի շաբաթ առաջ հայտարարում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Ակնհայտ է, որ քաղաքապետարանի մոտ գտնվող ոստիկանները կամ չեն լսել նրան, կամ չեն հավատացել: Այլապես, աճող ու զարգացող ոստիկանության պարագայում, չինովնիկը եւս պետք է բերման ենթարկվեր՝ քաղաքացուն հարվածելու համար, ինչպես որ բերման է ենթարկվում օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին:
Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն ոստիկանությունը՝ առնվազն քաղաքապետարանի դիմաց գտնվող մասով, չի աճում ու զարգանում: Ու ստացվում է, որ ոստիկանապետը միայն ոստիկանության կոլեգիայի դահլիճում է ոստիկանապետ, իսկ դրանից ընդամենը մի քանի կանգառ ներքեւ նա այլեւս ոստիկանապետ չէ, որովհետեւ նրա խոսքն արժեք չունի:
Ամենացցունը սակայն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի չինովնիկը համարձակվում է քաղաքացուն հարվածել ոստիկանների ներկայությամբ: Այսինքն, նա նույնիսկ չի էլ կասկածում, որ ոստիկանը ոչ թե օրենքին, այլ հենց իրեն է ենթարկվելու, ոչ թե ոստիկանապետի հրապարակային հորդորին, այլ համակարգի կանոններին ու ավանդույթներին է ենթարկվելու՝ ոչ մի քայլ չինովնիկի հանդեպ, եթե չկա քաղաքական որոշում:
Այդ իրավիճակում իհարկե աճում է ու զարգանում, բայց ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակական համոզումն առ այն, որ Հայաստանի ոստիկանության համար հետդարձ իսկապես չկա, որովհետեւ հետդարձի ռիսկի կամ վտանգի համար դեռ հարկավոր է որեւէ հիմնարար առաջընթաց արձանագրել, որը լինի ավելի խորը, քան մակերեսային քարոզչական հնարքները: 


Հակոբ Բադալյան