ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն oգոստոսի 14-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրն է եղել: Երիտասարդների հետ շուրջ 2 ժամ տևած զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Երիտասարդներին հետաքրքրող առաջին ամենակարևոր խնդիրը բուհերում ուսման վարձավճարների բարձրացումն էր՝ արդյո՞ք հնարավոր չէր այդ քայլին չգնալ կամ վերանայել որոշումը։
Նշելով, որ վարձավճարների բարձրացման խնդիրը առաջ է եկել դեռ 4-5 տարի առաջ, ինչը սակայն տևական ժամանակ կասեցվել է, նախարարն ընդգծել է. «Ոչ ոք լավ կյանքից թանկացումների չի գնում։ Ո՜չ բուհերը, որ կայացրել են այս որոշումները, ո՜չ կրթության ոլորտի լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ուրախ չեն և չեն կարող ողջունել, որ ուսման վարձերը բարձրացվել են։ Մի շարք բուհերի բյուջեներ այսօր իսկապես զարգացման հնարավարություն չեն տալիս, իսկ որակյալ կրթություն ապահովելու համար բուհն անպայման պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնի, պրոֆեսիոնալ ու առաջատար մասնագետների հրավիրի, ովքեր պահանջում են համապատասխան վարձատրություն: Ստեղծված իրավիճակում մենք հասկանում և ըմբռնումով ենք մոտենում բուհերում վճարների թանկացման որոշմանը, սակայն այս համատեքստում պետք է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր կլինի ուժեղացնել պետության աջակցությունը սոցիալապես անապահով և առավել խոցելի խմբերի ուսանողներին:
Միայն առաջին կուրսեցիների վրա է տարածվելու թանկացումը, և առաջին կուրսեցու կրթության մատչելիության խնդիրը նախևառաջ պետության խնդիրն է, պարտքն ու հոգսը»։ Ըստ Ա. Աշոտյանի՝ ուսանողները միշտ եղել են խոցելի խավ, և թիվ մեկ հարցն այն է, թե ում և ինչպես օգնել, որպեսզի ուսման վարձերի թանկացումները չազդեն կրթության մատչելիության վրա։ Նախարարը նշել է, որ ՀՀ Նախագահի կողմից հստակ պահանջ է դրված՝ ապահովել և գործի դնել սոցիալական փաթեթների այնպիսի մեխանիզմներ, որ որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով դուրս չմնա բուհից: «Առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հասնենք այդ սկզբունքի լիակատար կիրառմանը՝ ոչ մի լավ սովորող ուսանող վարձը չմուծելու պատճառով բուհից պետք է դուրս չմնա, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության ստանալու հնարավորությունից : Այս լրջագույն նպատակին հասնելու համար արդեն իսկ կա 2 հստակ ծրագիր, որոնցից առաջինը արդեն կգործի սեպտեմբերի 1-ից։ Մասնավորապես, «Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես ամենաանապահով ընտանիքների երեխաների համար պետությունը 50-100 տոկոսանոց զեղչեր է նախատեսում՝ կախված իրենց անապահովության նիշից։ Այդ ծրագիրը տարածվելու է մոտ 2500 ուսանողների վրա։ Երկրորդ թիրախը միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն են, ում վճարունակությունը թույլ կտա վերցնել արտոնյալ ուսանողական վարկեր։ Դրանք տրվում են ավելի երկար ժամկետով, ավելի ցածր տոկոսադրույքով: Պետությունը գերազանց առաջադիմություն ունեցողների համար փոխհատուցում է վարկի 3 տոկոսը, իսկ լավ առաջադիմություն ունեցողների համար՝ 2 տոկոսը՚»,- նշել է ԿԳ նախարարը։
Անդրադառնալով ուսանողական զեղչերի համակարգին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ այն արդյունավետ չի կիրառվում, քանի որ զեղչի կիրառման չափը որոշվում է բուհերի կողմից ու հստակ չափանիշներ սահմանված չեն: Այժմ մշակման փուլում է գտնվում «Ուսանողական զեղչերի մասին» օրինագիծը, որտեղ հստակ թվարկված են բոլոր այն խավերը, որոնց պետությունը երաշխավորում է ուսման զեղչ 20-50 տոկոսի սահմաններում։ Օրինագծում ամրագրվում է, նաև, որ բուհերը իրենց բյուջեների որոշակի տոկոսը պարտավոր են ուղղել ուսման վարձերի զեղչմանը։ «Մենք օրենքով ցանկանում ենք սահմանել ֆինանսական ծավալի այնպիսի շեմ, որով բուհը պարտավորվում է ուսանողի վճարած գումարի մի մասը վերադարձնել ուսանողներին՝ զեղչերի տեսքով,- պարզաբանել է նախարարն ու շարունակել,- Մեկ և ավելի երեխա ունեցող ուսանողուհի մայրերին, հաշմանդամ ծնող ունեցողներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին, զոհված ազատամարտիկների երեխաներին մենք ներառել ենք այդ թիրախային խմբերում»: Ընդառաջելով երիտասարդների առաջարկին՝ նախարարը խոստացել է օրինագիծը դնել հանրային քննարկման՝ ներառելով երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների առաջարկները:
Նախարարը նաև հորդորել է ուսանողներին ավելի ակտիվ լինել ու բուհերից պահանջել, որպեսզի իրենց վարձավճարներից գոյացած գումարների ծախսման գործընթացը լինի ավելի թափանցիկ ու հրապարակային։
Ուսանողները ԿԳ նախարարին հարցեր են ուղղել նաև բուհական ճաշարանների, միջազգային հավատարմագրման, կրթության որակի և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ: