Lragir.am - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Օրերս Հայաստանի հասարակությունը ստացավ այդպիսի մի հաղորդագրություն: Մի քանի շաբաթ առաջ էլ նույնը ստացվել էր Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի անունից: Նրանք էլ, ըստ հաղորդագրության մեկնել էին արձակուրդ, որի մի մասը պետք է անցկացնեին արտերկրում:
Արտերկիրը շատ լայն հասկացություն է: Օրինակ, Վրաստանն էլ արտերկիր է՝ սեւ ծովի իր մրջին վիճակագրական հանգստավայրերով՝ տեղ-տեղ արդեն շքեղացող, ֆրանսիական, գերմանական, իսպանական, իտալական, մեքսիկական եւ այլ հանգստավայրերն էլ արտերկիր են, իրենց գերշքեղ հարմարություններով ու ծառայություններով:
Հիմա, դրանցից հատկապես որ «արտերկրում» են հանգստանում Հայաստանի նախագահի, ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդիկ, երբ գնում են արձակուրդ ու նրանց մասին երկար ժամանակ հայտնի չի լինում ոչինչ:
Օրինակ, նույն արտերկրի առաջին դեմքերը, երբ գնում են արձակուրդ, կարծես թե տեղեկություն են տրամադրում, թե ում հետ են հանգստանում՝ անցկացնում արձակուրդը, որտեղ, ինչով են զբաղվում այդ ընթացքում: Օրինակ, ավանդույթ կա նույնիսկ, որ ԱՄՆ նախագահները իրենց հետ արձակուրդ հաճախակի նաեւ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին են տանում, որոնք ինչպես պաշտոնյայի աշխատանքն են լուսաբանում, այդպես էլ նրա արձակուրդը: Չէ որ հայտնի է, որ ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում:
Հաճախ, արտերկրի նախագահների արձակուրդից լուսանկարներ են հայտնվում մամուլում:
Հարկատուները ունեն պետության առաջին դեմքերի, ընդհանրապես իհարկե բոլոր պաշտոնյաների, բայց նախ եւ առաջ առաջին դեմքերի արձակուրդների մասին հաշվետվություն ստանալու իրավունք: Իսկ առաջին դեմքերը՝ հաշվետվություն տալու պարտականություն:
Նրանք հաճախ են սիրում խոսել այն մասին, թե Հայաստանում պետական կառավարումը թափանցիկ է դառնում շնորհիվ այն մեխանիզմներ, որ ընդունվում են տարբեր օրենքների տեսքով: Ամենահիշատակվողներից մեկը պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրումն է՝ իրենց հարազատների հետ միասին:
Իսկ ինչու՞ չի հայտարարագրվում պաշտոնյաների ու նրանց հարազատների արձակուրդը: Ով է ասել, որ նրանք միայն աշխատելիս են հաշվետու հանրության առաջ: Հենց նույն «ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է» հայտնի խոսքից ելնելով, պաշտոնյաների արձակուրդը կարեւոր է, նրանց աշխատանքը հասկանալու համար:
Ինչ «հույժ գաղտնի» արձակուրդներ են, որ այդպես վայելում են պաշտոնյաները: Իսկ գուցե նրանք տառապու՞մ են այդ արձակուրդները: Թեեւ քիչ հավանական է, որովհետեւ տառապանքը նրանք անհապաղ կիսում են հասարակության հետ: Վայելքն է, որ պաշտոնյաները պահում են մասունքի պես անձեռնմխելի:
Խնդիրը շատ կարեւոր է ու ամենավառ օրինակներից մեկն է, որ Հայաստանում իրական թափանցիկության մասին խոսելը դեռ շատ ու շատ վաղ է: Այլապես արձակուրդն ինչ է, որ չեն դարձնում հանրային իրազեկվածության առարկա:
Պատճառը ամենայն հավանականությամբ այն է, որ Հայաստանի առաջին դեմքերը իրենց արձակուրդները անցկացնում է այնպիսի շքեղ հանգստավայրերում, որոնք առավելապես հանդիսանում են միլիոնատերեր, մուլտիմիլիոնատերերի եւ միլիարդատերերի համար նախատեսված շքեղություններ: Ու եթե ներկայացվի, թե հատկապես որտեղ եւ ինչպես են հանգստանում առաջին դեմքերը, ապա առաջանում են թե իրավական, թե բարոյական, թե անգամ քաղաքական լուրջ խնդիրներ, քանի որ այդ դեպքում հեշտ կլինի պարզել նաեւ, թե էլ ովքեր են այդ ժամանակ հանգստացել տվյալ հանգստավայրերում:
Դե, եթե առաջին դեմքերն են այդպես հանգստանում, ապա հաշվետվողականություն պահանջել նախարարներից կամ պետական այլ գերատեսչությունների ղեկավարներից, ավելորդ է: Թեեւ, եթե անգամ լինի այդ հաշվետվությունը, դա արդեն կարեւոր էլ չէ, որովհետեւ առաջինների հաշվետվության բացակայության պարագայում երկրորդներինը դառնում է ընդամենը «աչքի թոզ»: