Tert.am - ՀՀ նախագահի նախկին, թիվ 38 ընտրատարածքի ներկայիս ԱԺ պատգամավորի թոշակառու թեկնածու Պավլիկ Սարգսյանն ինչպես նախագահական ընտրություններին, այնպես էլ հիմա ընտրագրավի փող չունի, սակայն այս անգամ պատրաստվում է այն պահանջել կառավարությունից: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց պատգամավորի թեկնածուն՝ ավելացնելով. «Ես հիմա փորձում եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքներից և նորմերից: Այսինքն՝ դիմելու եմ հանրապետության վարչապետին, որ ընտրագրավը մուծի ՀՀ կառավարությունը: Կառավարությունը թող վճարի, որովհետև դա իմ սահմանադրական, մարդու իրավունքի խոչընդոտում է»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրություններում ընտրական գրավը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի, կազմում է 8 մլն, իսկ ԱԺ ընտրություններում 1 մլն. դրամ:

Թեկնածուն ավելացրեց, որ նախագահական ընտրություններին բավականաչափ փորձ և սահմանադրական գիտելիքներ չուներ, սակայն հիմա «շատ խիստ ուսումնասիրել է սահմանադրութունը» և պատրաստ է քաղաքական իշխանության հետ պայքարում պաշտպանել իր բոլոր իրավունքները:

Պավլիկ Սարգսյանն, ի մասնավորի, պարզել է, որ ընտրագրավի այս բարձր ցենզը հակասում է սահմանադրական համապատասխան նորմին:

«Սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր ոք կարող է ընտրվել: Չկա կրթական ցենզ, հազարումի ցենզեր, որ խաղամոլ չլինի, հարբեցող չլինի, գող չլինի: Այսինքն՝ այնպիսին, ինչպիսին են հիմա ներկա իշխանավորները: Նման ցենզեր չկան, բայց կա ընտրագրավ: Եվ քաղաքական իշխանություններն այնպիսի հակասահմանադրական օրենքներ են հորինել: Ընտրագրավ, կազինո՞ է իրենց համար, ի՞նչ է »,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Ի պատասխան հարցի՝ թե, լա՛վ, եթե կառավարությունը Պավլիկ Սարգսյանին չտա իր ընտրագրավի գումարը, ի՞նչ կլինի, վերջինս ասաց. «Բայց մենք մեղք չե՞նք, որ ինձ չհաջողվի», ապա ավելացրեց. «Բա «Դեպի ապահով Հայաստանը» որտե՞ղ է, դեպի դատարկ Հայաստան ենք գնում»:

Իր հարցականների շարքը Պավլիկ Սարգսյանն ամփոփեց հետևյալ նախադասությամբ. «Այժմ է՞լ լռենք: Թող լռի մունջը, անդամալույծը, ում համար քաղցր է օտար լուծը»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրվել են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Կապանի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզպետի խորհրդական, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, «Ժառանգությունից»՝ Կապանի տարածքային գրասենյակի պատասխանատու Սամվել Հայրապետյանը, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը և անկուսակցական, Կապանի բնակիչ Տիգրան Սարգսյանը:

http://www.tert.am/am/news/2013/08/15/syunik-elections2/
Պատասխանելով Tert.am-ի հարցին՝ անկուսակցական թեկնածուն թվարկեց Հանրապետական թեկնածուի նկատմամբ իր «պլյուսները», ասելով.«Իմ պլյուսն էն ա, որ ես ստրկամիտ չեմ, ազատ մարդ եմ, ինձ մտահոգում են իմ երկրի ցավերը և ոչ թե գողական ռազբորկաները կամ փեսա-բաջանաղական ինչ-որ բաներ»:

Նույնպիսի «պլյուս», Պավլիկ Սաֆարյանի կարծիքով, ունի նաև «Ժառանգության» առաջադրած ազատամարտիկ թեկնածուի նկատմամբ, քանի որ ասաց. «Էդտեղ կուսակցություն չկա, էդտեղ դրածո մի քանի մարդիկ են, որ հանրապետականի դուդուկի տակ պարում են: Դա ապացուցվեց նախագահական ընտրությունների ժամանակ, քաղաքապետարանի ընտրությունների և նրա 600 հազար ձայնը ծախեցին 6 մանդատով»:

Պավլիկ Սարգսյանը նշեց, որ առաջադրվելով՝ ինքը «աթոռի չի գնում», չի ուզում պաշտոն, այլ ուզում է լինել ազատ երկրի ազատ քաղաքացի:

Լուսանկարը՝ aravot.am-ի