Իշխանությունը փորձում է ձեւ անել, թե այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս ազատության մեջ է, ունի կոնկրետ «մեղավոր»՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի: Եթե որեւէ կողմնակի դիտորդ հետեւի գործընթացին եւ ծանոթ չլինի Հայաստանի ԲԴԽ-ին ու ընդհանրապես դատական համակարգին, նա կարող է հավատալ, որ նման բան հնարավոր է: Բայց նրանք, ովքեր 33 տարի ապրել են Երրորդ հանրապետությունում, շատ լավ գիտեն, որ դատավորն այստեղ որեւէ դեր չունի: Գործընթացը զուտ քաղաքական է: Ես որեւէ կասկած չունեմ, որ Քոչարյանն արժանի է պատժի: Իսկ ինչո՞ւ իշխանությունները եւ նրա խոսափողները միայն խոսում են «թալանի» եւ «մարտի 1-ի» մասին, բայց ոչ մի գործնական քայլ չեն անում: Դրա համար կա առնվազն 3 պատճառ, որոնցից ոչ մեկը Աննա Դանիբեկյանին չի առնչվում:

1/ Իշխանությունը գործում է եւ պատրաստվում է հետագայում էլ գործել նույն դաժանությամբ, ինչ գործում էր Քոչարյանը մարտի 1-ին ու դրանից առաջ: 2/ Քոչարյանն ազատության մեջ պետք է ներկայիս իշխանություններին՝ որպես «բոբո», որպեսզի անընդհատ վախեցնեն մարդկանց նրա վերադարձով, ինչը հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ ես, չենք ուզում: 2021 թվականին ՀՀ քաղաքացիներին փաստացի կանգնեցրել էին «Փաշինյան-Քոչարյան» անհեռանկարային ընտրության առաջ:

3/ Քանի որ Քոչարյանը Պուտինի հետ «քիմիա» ունի, չի բացառվում, որ Կրեմլից այդ առումով ճնշում կա: …Հայաստանի դատական իշխանությունը խիստ քաղաքականացված է: Վկա՝ վարչապետի հրահանգով դատարանների շրջափակումը, դատավորներին «պատերի տակ վնգստացողներ» անվանելը, ԲԴԽ նախագահի վառ արտահայտված քաղաքական համակրանքները եւ ավելի ցայտուն հակակրանքները: Իսկ ինչի՞ համար էր պետք դատավոր Աննա Դանիբեկյանի «որակազրկումը» եւ քավության նոխազ սարքելը. քաղաքական գործընթացին իբր իրավական տեսք տալու եւ, որոշ չափով, «արյուն պահանջող» նիկոլական զանգվածին հանգստացնելու համար: